Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ երեկ տեղի ունեցած փոխհրաձգությունը գիշերը դադարել է, վիրավորների հարցը դեռ ճշտվում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին,  ասաց Նորաբակի գյուղապետարանի աշխատակից Արմեն Ղազարյանը։

«Այս պահին հանդարտ վիճակ է։ Կրակոցները գիշերն արդեն իսկ դադարել է։ Զոհի մասին արդեն հայտնի է, վիրավորների հարցը դեռ ճշտվում է»,- ասաց նա։


Ղազարյանի խոսքով՝ հայկական դիրքերն համայնքից հեռու են մոտավորապես 6-7 կմ։

«Կրակոցները գյուղում լսվում էին, մանավանդ գիշերվա ժամին։ Բնակիչներն արդեն ընտելացել են այդ վիճակին»,- ասաց նա։

Նշենք, որ ադրբեջանական կողմի արձակած կրակոցների հետեւանքով զոհված ժամկետային զինծառայողը 19-ամյա Սուրեն Յուրիկի Սաֆարյանն է։ Նա Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր: Զոհված զինծառայողն ազգությամբ եզդի էր, բանակ էր զորակոչվել նախորդ տարի՝ ծառայության մեկ տարին արդեն լրացել էր: