Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 109 կգ քաշայինների պայքարում կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը պարգեւատրվեց բրոնզե մեդալով: 24-ամյա ծանրորդը երկամարտում գրանցեց 416 կգ (188+228):
Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 188 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ: Այս վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 188 կգ-ով նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 7 կգ-ով զիջելով Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ակբար Ջուրաեւին: Ուզբեկ ծանրորդը պոկում վարժությունում գրանցեց 195 կգ արդյունք:
Հրում վարժությունում Մարտիրոսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Երեք մոտեցումներից Հայաստանի ներկայացուցիչը հաջողությամբ կատարեց միայն առաջինը՝ հրելով 228 կգ:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 433 կգ արդյունքով նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ակբար Ջուրաեւը (195+238): Արծաթե մեդալակիր դարձավ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովը՝ երկամարտի 421 կգ արդյունքով (185+236):
Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում պարտվել էր Ռուսլան Նուրուդինովին, իսկ Տոկիոյի Օլիմպիական խաղերում՝ Ակբար Ջուրաեւին: