Ավելի քան հարյուր հայ զբոսաշրջիկներ, որոնք Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոներն էին անցկացնում Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ ծովափնյա հանգստավայրում, հինգշաբթի վաղ առավոտից չեն կարողանում թռնել դեպի Երևան, թռիչքն անընդհատ հետաձգվում է։ Այս մասին 24News-ին հայտնել է ուղևորներից մեկը, որը նաև տրամադրել է տեսանյութ՝ օդանավակայանից։

«Առավոտյան այստեղի ժամանակով ժամը 08․00-ին (06:00 Երևանի ժամանակով - խմբ.) պետք է Երևան թռնեինք։ Եկանք օդանավակայան, ու անընդհատ թռիչքի ժամը փոխվում է։ Ընտանիքներով, կանանցով ու երեխաներով սպասում ենք։ Հիմա էլ տալիս է գիշերը ժամը 2-ին թռիչքը։ Ոչ մեկ ոչ մի բան չի բացատրում, եգիպտացի աշխատողներն ինչ-որ կցկտուր բաներ են ասում, թե իբր Իրանի օդային տարածքը փակ է և այլն։ Ասացին՝ հյուրանոց կտանենք, բայց դա էլ չեն անում», - նշեց մեր զրուցակիցը։

Ավելի ուշ թռիչքն իրականացնող «Արմենիա» ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք, որ «Արմենիա» ավիաընկերության այսօրվա չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։
Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթն իրականացվելու է այսօր՝ ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով)։

Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը և տեղեկացնում, որ այս պահին մեր բոլոր աշխատակիցներն անում են հնարավորը՝ ուղևորների հետ կապ հաստատելու և խնդիրը լուծելու համար»։

Թեպետ «Արմենիա» ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն, թռիչքը պետք է իրականացվի Երևանի ժամանակով 21։30-ին, սակայն նշենք, որ օդանավակայանի թռիչքացուցակում նշված է Երևանի ժամանակով 04․00-ն։


Մեր զրուցակիցն ավելի ուշ հայտնեց, որ այս պահին հայ զբոսաշրջիկներին տանում են հյուրանոց, որտեղ նրանք կսպասեն թռիչքի իրականացմանը։