Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքումը հունվարի 14-ին Տոնգայի Թագավորություն կղզեպետության ափերին, հավանաբար, ամենախոշորն էր աշխարհում վերջին 30 տարում։ Երկուշաբթի նման հայտարարությամբ հանդես են եկել Ավստրալիայի ազգային համալսարանի (ANU) երկրաբանները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հրաբխագետ Ռիչարդ Արկուլուսի (ANU) խոսքով՝ Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքումը «հաստատ կմտնի աշխարհի խոշոր ժայթքումների տասնյակ՝ Կրակատաուի (1883) եւ Պինատուբոյի (1991) կողքին»։ «Հրաբխի առաջին արտանետումը ամենահզորներից էր, օդ է բարձրացել մոխրի, գազի եւ գոլորշու սյուն 20 կմ-ից ոչ պակաս բարձրությամբ, դրան հաջորդած ստորջրյա ժայթքումը Խաղաղ օվկիանոսում, հավանաբար, ամենախոշորն էր աշխարհում վերջին 30 տարում։ Այն մոտավորապես այնպիսին էր, ինչպիսին եղել է Կրակատաուի [ժայթքման ժամանակ]»,- ասել է նա 9News հեռուստաալիքի եթերում՝ նշելով, որ «առաջիկա օրերին եւ շաբաթներին, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան եւս մի քանի ժայթքումներ, բայց դրանք նման ուժգնության չեն լինի»։


Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ ստորջրյա հրաբխի ժայթքումը սկսվել է հունվարի 14-ին Տոնգայի Թագավորությունում եւ դարձել ոչ մեծ ցունամիների պատճառ, որոնք գրանցվել են Տոնգատապուի՝ Տոնգայի կղզեխմբի ամենամեծ կղզու ափերին։ Հաջորդ երկու օրերին ցունամիի սպառնալիքների մասին ծանուցումներ են արվել Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի, Ճապոնիայի, ինչպես նաեւ խաղաղօվկիանոսյան մի քանի կղզեպետությունների բնակիչների համար։ Սամոայում տարհանվել են ափամերձ շրջանների բնակիչները, իսկ Ֆիջիի իշխանությունները բացել են մի քանի տարհանման կենտրոններ ափամերձ բնակավայրերի հեղեղման դեպքերի համար։

Տոնգայի Թագավորությունում ամենից շատ տուժել է մայրաքաղաքը, որին հարվածել են ցունամիի ալիքները եւ չափից ավելի բարձր մակընթացությունը։ Շրջանների մի մասը, այդ թվում այն թաղամասը, որտեղ գտնվում է թագավորական պալատը, հեղեղվել են, իսկ դրանց բնակիչները՝ տարհանվել։ Հարեւան Նոր Զելանդիայի իշխանությունների տվյալներով՝ կապը կղզեպետության հետ մնում է սահմանափակ, բայց «պաշտոնական տեղեկություններ տարերքից տուժածների կամ զոհերի մասին չկան»։ Երկուշաբթի նորզելանդական ՌՕՈւ երկու ինքնաթիռ թռել է Տոնգոյի Թագավորություն՝ ժայթքման եւ դրան հաջորդած ցունամիների պատճառած վնասի մասշտաբները գնահատելու, ինչպես նաեւ տուժած շրջանների բնակիչներին խմելու ջուր եւ դեղամիջոցներ հասցնելու համար։