ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով Ուկրաինայում ռուսական արտասահմանյան հաստատությունների ներկայացուցչությունների աշխատակիցների տարհանման մասին, որը կիրականացվի շատ մոտ ապագայում։


ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ 2014 թվականից Կիեւում ՌԴ դեսպանատունը եւ Օդեսայում, Լվովում եւ Խարկովում երկրի գլխավոր հյուպատոսությունները բազմիցս հարձակումների են ենթարկվել:

«Պարբերաբար սադրանքներ են կազմակերպվել Կիեւում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի դեմ, վնաս է հասցվել դրա ղեկավարի առողջությանը, վնասվել է կենտրոնի գույքը։ Ագրեսիվ գործողությունների օբյեկտ են դարձել նաեւ ռուս դիվանագետները։ Նրանք ֆիզիկական բռնության սպառնալիքներ են ստացել։ Նրանց ավտոմեքենաներն այրվել են։ Հակառակ դիվանագիտական ​​եւ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, Կիեւի իշխանությունները տեղի ունեցողին չեն արձագանքել: Այս պայմաններում մեր առաջնահերթ խնդիրն է հոգ տանել ռուս դիվանագետների եւ դեսպանատան եւ գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների մասին։ Նրանց կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել տարհանել Ուկրաինայում ռուսական օտարերկրյա առաքելությունների անձնակազմին, ինչը կիրականացվի շատ մոտ ապագայում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։