ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով Ուկրաինայում ռուսական արտասահմանյան հաստատությունների ներկայացուցչությունների աշխատակիցների տարհանման մասին, որը կիրականացվի շատ մոտ ապագայում։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ 2014 թվականից Կիեւում ՌԴ դեսպանատունը եւ Օդեսայում, Լվովում եւ Խարկովում երկրի գլխավոր հյուպատոսությունները բազմիցս հարձակումների են ենթարկվել:
«Պարբերաբար սադրանքներ են կազմակերպվել Կիեւում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի դեմ, վնաս է հասցվել դրա ղեկավարի առողջությանը, վնասվել է կենտրոնի գույքը։ Ագրեսիվ գործողությունների օբյեկտ են դարձել նաեւ ռուս դիվանագետները։ Նրանք ֆիզիկական բռնության սպառնալիքներ են ստացել։ Նրանց ավտոմեքենաներն այրվել են։ Հակառակ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, Կիեւի իշխանությունները տեղի ունեցողին չեն արձագանքել: Այս պայմաններում մեր առաջնահերթ խնդիրն է հոգ տանել ռուս դիվանագետների եւ դեսպանատան եւ գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների մասին։ Նրանց կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել տարհանել Ուկրաինայում ռուսական օտարերկրյա առաքելությունների անձնակազմին, ինչը կիրականացվի շատ մոտ ապագայում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։