Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե չի ակնկալում, որ առաջիկա շաբաթներին Ուկրաինայում պատերազմը բանակցությունների միջոցով կավարտվի, հայտնում է AP-ն։

Նրա խոսքով՝ ինքը Ռուսաստանի առաջնորդին ասել է, որ մինչեւ ցանկացած իրական երկխոսությունը պետք է հրադադար հաստատվի, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է, ինչը «դժվարացրել» է իրենց կանոնավոր բանակցությունները:

«Չեմ կարծում, թե առաջիկա օրերին եւ շաբաթներին բանակցությունների միջոցով լուծում կգտնվի»,- ասել է Մակրոնը Փարիզի հարավարեւմտյան Պուասի արվարձանում իր նախընտրական արշավի շրջանակներում կայացած համաժողովում:

Նրա կարծիքով՝ Պուտինը ուկրաինացիների դեմ պատերազմով «պատմական սխալ» է կատարում։ Մակրոնն ընդգծել է բոլոր երկրների ժողովուրդներին հարգելու անհրաժեշտությունը... «եւ հետեւելը, որ ոչ մի ազգ, ոչ մի ժողովուրդ նվաստացման չենթարկվի»:

Նրա խոսքով, Ռուսաստանին նույնպես պետք է հարգել՝ որպես երկրի եւ ժողովրդի, քանի որ «ամուր խաղաղություն չի կարող լինել, եթե Ռուսաստանը մեր մայրցամաքում խաղաղության մեծ ճարտարապետության մաս չկազմի։ Որովհետեւ պատմությունն ու աշխարհագրությունը համառ են»։