Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է սկսել Նախիջևանում։ Այս մասին գրում է РБК-ն՝ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը հղումով։
«Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարտավարական իրավիճակին համապատասխան հրամանատարական կազմի արագ որոշումների կայացմանը»,- գրում է մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարժանքների սցենարի համաձայն՝ «Տագնապի» ազդանշանով Նախիջևանի կայազորի զորքերի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության տարբեր աստիճանների։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է «Բայրաքթար» ԱԹՍ-ներ։
Զորավարժությունների ընթացքում մշակվել է նաև փոխգործակցություն ավիացիայի հետ։ ՀՕՊ ստորաբաժանումները գործողություններ են իրականացրել պայմանական հակառակորդի ինքնաթիռների դեմ.
«Շտաբի օպերատիվ իրավիճակը բարդացնելու նպատակով լրացուցիչ ուժեր են ներգրավվել, հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են»,- հավելում են մամուլի ծառայությունից։