ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Լեզուն, կրթությունը և ընտանիքը հայրենադարձության գործընթացում» խորագրով մեկնարկած միջազգային երկօրյա գիտաժողովին:
Բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ հայրենադարձ երեխաների կրթության խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում:

«Տարբեր պատմական ժամանակաշրջաններում ձևավորված հայկական Սփյուռքի կրթական կարիքները տարբեր են. այդ համատեքստում տարբերվում են նաև հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթություն տրամադրելու հնարավորությունները: Հայրենիքում հայրենեդարձ երեխաների կրթության կազմակերպման և կրթական կարիքների բավարարման հիմնական խնդիրը մայրենիի ոչ բավարար իմացությունն է: Նման պայմաններում հնարավոր չէ մեկ գործընթացով կարգավորել խնդրի հիմնարար լուծում, պետք է ստեղծել ճկուն ու բազմազան այնպիսի համակարգ, որը յուրաքանչյուր հայրենադարձ երեխայի հնարավորություն կտա զգալ Հայաստանում կրթության մատչելիությունն ու հեռանկարը»,-նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Նշվել է, որ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և «Ավո Հայմատգարտեն» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ արդեն մեկ տարի է , ինչ բուհում գործում է ադապտացիոն կենտրոն, որն իրականացնում է «Վերաինտեգրացիայի» կենտրոն-Հայաստան» (RECEA) ծրագիրը: «Լեզվական դասընթացները, սոցիալական, հոգեբանական աջակցությունը, մշակութային տարատեսակ միջոցառումների կազմակերպումն օգնում են նվազեցնել հայրենադարձների տարատեսակ խնդիրներն ու աջակցել հայրենադարձ երեխաների սոցիալական վերաինտեգրմանը»,-իր խոսքում նշել է մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրազախանյանը: Գիտաժողովի ընթացքում, իբրև խնդիր կարևորվել է նաև Հայաստանից դեպի արտերկիր արտագաղթի խնդիրը: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը, կարևորելով գիտաժողովը, նկատել է, որ 2000 թվականից սկսած միգրացիոն հոսքերի խճապատկերում թեև շատ թույլ է արտահայտված Հայաստան վերադարձողների հոսքը, սակայն վերադարձից հետո շատ կարևոր է, որ մարդը հայրենիքում կարողանա լիարժեք ինտեգրվել, քանի որ դրանով է պայմանավորված այդ անձը կշարունակի՞մնալ Հայաստանում, թե՞կրկին կմեկնի:
Գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն սեպտեմբերի 5-ին: