«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ամփոփվելու է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման մրցութային առաջին փուլը եւ հայտնի է դառնալու, թե 12 առաջարկից մրցույթում որ նախագիծն է հաղթել։ Մենք արդյունքների ամփոփումից առաջ մի քանի հարց ենք ուղղել Գագիկ Ծառուկյանին։
- Պարոն Ծառուկյան, Ձեր նախաձեռնությամբ մեկնարկած «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման մրցութային առաջին փուլը մոտեցել է ավարտին: Նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում մրցութային փուլի աշխատանքները:
-Չորս ամիս առաջ ես առաջին անգամ հայտարարեցի իմ և իմ ընտանիքի որոշման մասին՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Այս չորս ամսվա ընթացքում մենք երկար ու բարդ ճանապարհ ենք անցել։ Արձանի թեման մշտապես եղել է հանրության բոլոր շերտերի ուշադրության կենտրոնում։ Չորս ամիս ես լսել եմ ոգևորություն, աջակցություն և իհարկե, հակառակ կարծիքը։ Անձամբ պատասխանել եմ բոլոր հիմնավոր առարկություններին և առաջարկներին։ Փորձել ենք ամեն նման առաջարկի մեջ տեսնել գրագետ ու օգտակար գաղափար։ Արձանի գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ճարտարապետների, քանդակագործների մասնագիտական շրջանակներում։ Չորս ամսվա ընթացքում կազմակերպվել է մրցույթ, որին մասնակցել են 300-ից ավելի նախագծեր։ Մեկը մեկից հետաքրքիր ու արժանի։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին։ Անկեղծ շնորհակալություն։ Ձևավորվել էր մասնագիտական մրցութային հանձնախումբ՝ կազմված հեղինակավոր մասնագետներից ու հանրային դեմքերից։ Մասնագիտական հանձնախմբին զուգահեռ անցկացվել է հրապարակային, հանրային մրցույթ, որին կարող էր մասնակցել ցանկացած քաղաքացի։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել. իմ կամ իմ ընտանիքի կողմից չի եղել որևէ ճնշում, որևէ ուղղորդում, ես չեմ պարտադրել իմ կարծիքը, չեմ խոսել իմ նախասիրության մասին։ Ես սա համարում եմ ամենակարևոր սկզբունքը. Արդար մրցույթ, ժողովրդի կարծիք։ Ի սկզբանե իմ որոշումն է եղել այդպիսին. Թող հաղթի այն նախագիծը, որը կընտրի հանձնախումբը, որը կընտրի ժողովուրդը։ Ես վստահ եմ ու հավաստիացնում եմ բոլորին, որ Քրիստոսի արձանի կառուցմամբ նոր էջ է բացվելու մեր ժողովրդի և պետության կյանքում՝ հաջողության, խաղաղության, համերաշխության. նոր էջ մեր երկրում։
- Փաստորեն Դուք բացի հոգևոր արժեքներից, նաև քաղաքակա՞ն ենթատեքստ եք դնում արձանի գաղափարում։
- Հաջողության և զարգացման հիմքում առաջին հերթին պետք է լինի ներքին համերաշխություն։ Չեղավ համերաշխություն, չեղավ միասնականություն՝ չի լինի ոչինչ։ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում ԱՅՈ՛, ես դնում եմ ներհայաստանյան և ներհայկական համերաշխության գաղափարը։ Սա զարգացման տանող երկար ճանապարհի հիմքն է։ Եթե դուք սա համարում եք քաղաքական բովանդակություն, ապա ես դեմ չեմ։ Մեզ հետ տեղի ունեցած աղետից հետո և այսօր աշխարհում տեղի ունեցող համաշխարհային ճգնաժամի պայմաններում մենք՝ որպես ազգ և պետություն, խնդիր ունենք աշխարհին նորովի ներկայանալու։ Հիմա մեր աչքի առաջ աշխարհը փոխվում է, նոր հարաբերություններ են ձևավորվում, նոր արժեքներ։ Մենք, նորից եմ ասում, պետք է կարողանանք նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի։ Մենք պետք է խնդիր դնենք ունենալ ուժեղ պետություն։
-Բայց հիմա շատերը հուսահատված են, հուսալքված, Դուք հավատու՞մ եք, որ ուժեղ պետության գաղափարը իրական է, ու մարդիկ դա կընդունեն։
-Ես ոչ միայն հավատում եմ այդ գաղափարին, այլև տեսնում եմ դրան հասնելու ճանապարհները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում