Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 10.05.2022թ., երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Դեպքի առթիվ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:
Կատարվում է նախաքննություն, որի ընթացքի ու արդյունքների մասին կտրվի հավելյալ տեղեկություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Bagramyan26 աղբյուրները հայտնում են, որ բերման ենթարկված քաղաքացին Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է («Օգանովսկի»)։