Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ներկայացրել է 9 նորեկի, հաղորդում է երեւանյան ակումբի կայքի: Թիմին են միացել պաշտպաններ Արթուր Ավագյանը, Սերգեյ Վակուլենկոն, Միխայիլ Կովալենկոն, Բորիս Վարգան, կիսապաշտպաններ Դավիթ Դավիդյանը, Անդրե Մենսալաոն, Նեմանյա Մլադենովիչը, հարձակվողներ Լուկա Ջուրիչիչը և Մարյան Ռադեսկին:
35-ամյա եզրային պաշտպան Արթուր Ավագյանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Նորավանքում», որի հետ հասել է մինչև Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: Ավագյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 252 խաղ և խփել 7 գոլ:
28-ամյա ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոյի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան»: Վերջինիս կազմում նա 2019/20թթ. մրցաշրջանում նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: Վակուլենկոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել ուկրաինական մի շարք թիմերում, ինչպես նաև Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում:
27-ամյա ռուս եզրային պաշտպան Միխայիլ Կովալենկոն առավել հայտնի է «Նոայում» ունեցած իր ելույթներով, որի կազմում նա դարձել է 2019/20թթ. մրցաշրջանի Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր: Կովալենկոյի վերջին թիմը եղել է մերձմոսկովյան «Դոլգոպրուդնին»:
28-ամյա սերբ պաշտպան Բորիս Վարգան իր կարիերայի ընթացքում խաղացել է բացառապես սերբական թիմերում` «Ինջիայում», «Պրոլետերում», «Պիվարայում» և «Նապրեդակում»: Նրա վերջին թիմը եղել է սերբական «Բաչկա Տոպոլան»: Վարգան Սերբիայի Սուպերլիգայում անցկացրել է 131 խաղ և խփել 1 գոլ:
24-ամյա եզրային կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է՝ 2018/19թթ. մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի», 2020/21թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտի» կազմում: Նախորդ մրցաշրջանը Դավիդյանն անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող մերձմոսկովյան «Խիմկիում»։
32-ամյա բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն Հայաստանում խաղալու փորձ արդեն ունի: 2020/21թթ. մրցաշրջանում նա հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», իսկ 2021/22թթ. մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Սևանում»: Մենսալաոյի վերջին թիմը եղել է Հյուսիսային Մակեդոնիայի բրոնզե մեդալակիր «Շկենդիան»:
29-ամյա սերբ եզրային կիսապաշտպան Նեմանյա Մլադենովիչն իր կարիերայի ընթացքում, բացի սերբական թիմերից, խաղացել է նաև նորվեգական «Բոդո Գլիմտում» և հունական «Լարիսայում»: Նա ժամանակին խաղացել է Սերբիայի Մ-19 տարեկանների հավաքականում՝ անցկացրած 8 խաղում խփելով 2 գոլ: Մլադենովիչի վերջին թիմը եղել է սերբական «Նապրեդակը»:
25-ամյա բոսնիացի հարձակվող Լուկա Ջուրիչիչը, որի հասակը 1,90 է, ժամանակին հանդես է եկել իր երկրի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում: Ջուրիչիչը 2016/17թթ. մրցաշրջանում «Շիրոկի Բրիեգի» հետ դարձել է Բոսնիայի գավաթակիր: Վերջին 2 մրցաշրջաններում նա հանդես է եկել բոսնիական «Ժելեզնիչարում» և կորեական «Գիմպոյում»:
27-ամյա հյուսիս մակեդոնացի հարձակվող Մարյան Ռադեսկին իր երկրի ազգային հավաքականի խաղացող է, որի կազմում 17 խաղում խփել է 1 գոլ: Նա ընդգրկված էր Եվրո-2020-ում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հայտացուցակում: Ռադեսկին Հյուսիսային Մակեդոնիայի եռակի չեմպիոն է` 2 անգամ «Շկենդիայի» (2017/18, 2018/19թթ.) և մեկ անգամ՝ «Շկուպիի» (2021/22թթ) կազմում, որը եղել է նրա վերջին թիմը: