ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Անկեղծ՝ դժվար է պատկերացնել Քրիստոսի արձանի տեղադրման վերաբերյալ կառավարության դրական դիրքորոշման իրական պատճառները, բայց մինչև նման կարևոր որոշում կայացնելը պետք էր մի շարք կարևոր իրողություններ հաշվի առնել, ուսումնասիրել։
Մեր եկեղեցու և ժողովրդի մշակույթի, սովորությունների մեջ արձանապաշտություն ո՛չ միայն չկա, ո՛չ միայն գոյություն չունի, այլև այն հիմնավորապես մերժված է: Հայ առաքելական և ոչ մի եկեղեցում դուք արձան չեք գտնի։ Կան սրբապատկերներ, նկարներ, բայց արձան՝ երբեք։
Ըստ Հայ եկեղեցու դավանանքի՝ Եկեղեցին ինքը Քրիստոսի արձանն է։
Պատմության ընթացքում մեր ամենաշքեղ եկեղեցիներն անգամ երկրաշարժերի, բնության աղետների հետևանքով խոնարհվել են, որովհետև իրերի բերմամբ այդ շքեղ քարե տաճարները կորցրել են իրենց հոգեկանությունն ու Աստծուն։ Աստված անհետանում է քարե կառույցներից, երբ դրանք դառնում են միայն քարեղեն։
Մեր երկրի և ժողովրդի կյանքում նմանօրինակ կարևոր հոգևոր նշանակության հարցը չի կարող լուծվել բացառապես բարերարի բարի կամքի և կառավարության դրական եզրակացության հիման վրա։ Հայ առաքելական եկեղեցին պետք է դիրքորոշում ունենա և այդ դիրքորոշումը պետք է հիմնված լինի մի կողմից եկեղեցու հայրերի, մյուս կողմից բխի մեր պետության և ժողովրդի հանապազօրյա կարիքներից։
Այսու, չափազանց կարևոր ենք համարում այս հարցում բոլոր կողմերի միջև վերստին համախոհության հասնելու համար սեղանի շուրջ նստելու անհրաժեշտ կամքի դրսևորումը։
Եվ ամենավերջում՝ Հատիս լեռան վրա Քրիստոսի արձանի տեղադրումը, եթե զբոսաշրջության նպատակով է արվում, արդեն մեծ անպատեհություն կա։ Եթե այս նպատակի հիմքում ոչ թե մեր անկեղծ հավատքն է, խոկումն է, այլ տուրիզմ զարգացնելը, սա չի կարող քրիստոնյա ազգի համար ընդունելի լինել»։