Երեկ երեկոյան, երբ Երեւան ժամանած Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պատրաստվում էր մտնել «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, մի ծիծաղաշարժ միջադեպ տեղի ունեցավ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Իր ճամպրուկները մեքենայից վերցնելուց հետո նա ուղղվեց դեպի հյուրանոցի մուտքը եւ այդ ընթացքում անցավ հյուրանոցի դեմ դիմաց կայանված մի «06»-ի մոտով։ Նրան դիմավորող եվրոպացիներից մեկը կատակեց. «Հուսով եմ՝ այդ մեքենան չի սպասարկում Ձեզ»։ Այլ պայմաններում այս կատակը կհնչեր որպես սովորական մի հումոր, բայց ներկա իրավիճակում սա հատուկ հմայք է ստանում։ Տվյալ դեպքում, «06»-ը Մաքսային միության սիմվոլն է՝ ռուսական, իսկ այժմ արդեն ապագա Եվրասիական միության տնտեսական, տեխնիկական եւ տեխնոլոգիական առաջընթացի ցուցանմուշ։

Իսկ Ֆյուլեի ներկայիս այցը Երեւան նրա համար բավական տխուր առիթով է։ Տարիներ շարունակ իբր դեպի Եվրոպա գնացող Հայաստանը պարզվեց Ֆռռացրել է եվրոպացիներին։ Եվրոպացիներն անակնկալի են եկել եւ տխուր են։ Եվ այդ հավաքական տխրությունը երեկ դաջված էր Ֆյուլեի դեմքին...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):