Ի՞նչ ենք մենք թաքցնում հանրությունից, որովհետեւ տպավորություն է, որ նախաքննությունը եւ կառավարությունը զբաղված է այդ դեպքի շուրջ ամեն ինչ թաքցնելով: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող զորանոցի ողբերգական հրդեհի դեպքին:

«Ինչո՞ւ պետք է թաքցնենք, ի՞նչ է պարզել նախաքննությունը: Որոշ մարդկանց մեկնաբանությունները կարդում ես, տպավորություն է, որ հրդեհը ոչ թե իմ նկարագրած, կամ մեր նկարագրած բենզինի 5 լիտրանոց տարայի օգտագործման պատճառով է բռնկվել, այլ ընդհուպ չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, ինչ-որ այլ բան է տեղի ունեցել»,-ասաց նա:


Ի պատասխան Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց. «Ոչ մի բան մենք մտադրություն չունենք թաքցնել: Անձանց անունները չբացահայտելը ընդամենը նպատակ ունի ապահովելու այդ անձանց փախուստի բացառման հնարավորությունը:

Ձեր կողմից հրապարակված վարկածն այս պահին կենսունակ վարկածն է: Մյուս բոլոր վարկածները ստուգվում, և բացառման կանոնով քննությունն իրականացվում է: Բայց հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է, և կարծես թե այս պահի դրությամբ ունենք ապացույցների անհրաժեշտ բազան, որով նաեւ մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ընթացքում հրապարակված վարկածն է»,- ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ բոլոր վարկածների ուղղությամբ քննություն իրականացվում է»:

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը եւս հաստատեց, որ բոլոր հարցաքննված վկաների խոսքը վկայում է այն մասին, որ ի սկզբանե առաջ քաշված վարկածը՝ բենզինով վառելու վարկածը հիմնավորվում է. «Երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել եւ հաստատել է այդ վարկածը»,-հավելեց Քյարամյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց. «Եթե կառավարության նիստում վարկած հնչել է, որեւէ մեկն այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ: Ինչ տեղեկություն մենք այդ պահին ունեցել ենք, հանրության հետ կիսել ենք եւ կկիսենք: Նկատի ունեմ, որ եթե հանկարծ կպարզվի, որ կառավարության նիստում հնչածից 180 աստիճան հակառակ բան է եղել, մենք դրանով կաշկանդված չենք»:

Վարչապետը նաեւ հավելեց, որ վկաներից մեկը ասել է, որ օգտագործվել է բենզին, որն անհրաժեշտ է բուլդոզերների համար. «Բայց հետո հարց է ծագել, որ բուլդոզերներն իրականում դիզվառելիք են օգտագործում, բենզինն ինչ գործ ունի: Հետո պարզվել է, որ բենզինն անհրաժեշտ է «խոդ գցելու» համար:

Գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանում կրակը մարած է եղել, զինվորը փայտեր է բերել լցրել: Սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի, զինվորն էլ ասել է՝ մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի: Սպան փորձել է վառել, հետո դիզվառելիք է ուզել վարորդներից, որից հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի հարմար է: Վկան տեսել է բենզինի տարան բռնկված վիճակում եւ սպայի հագուստը բռնկված վիճակում. նաեւ տարածքը բռնկված վիճակում, այդ ամենը այս պահին հիմնավորվում է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաև նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։