Քիմ Քարդաշյանին մոտ 1 մլն դոլար են վճարել Մայամիում, այսպես կոչված, «Hedge Fund Week»-ի շրջանակներում կայացած համաժողովում ունեցած ելույթի համար։ Այս մասին Page Six-ին հայտնել են աղբյուրները։
Քարդաշյանը ելույթ է ունեցել Fountainbleu հյուրանոցում iConnections Global Alts կոնֆերանսում՝ խոսելով իր նորաստեղծ մասնավոր կապիտալի՝ «SKKY Partners» ընկերության մասին։ Նրա հետ ելույթ է ունեցել նաեւ բրենդի համահիմնադիր Ջեյ Սամոնսը։ Ընկերությունը կենտրոնացել է սպառողական ապրանքների, հյուրանոցային բիզնեսի, շքեղության իրերի, թվային առեւտրի եւ լրատվամիջոցների ոլորտներում ներդրումների վրա:
iConnections-ի գործադիր տնօրեն Ռոն Բիսկարդին ասել է. «Մենք հրապարակայնորեն չենք մեկնաբանում խոսնակների հետ [դրամական] պայմանավորվածությունները»:
Hedge Fund Week-ի որոշ մասնակիցներ նախընտրել են չգնալ միջոցառմանը Քիմ Քարդաշյանի հետ, այլ գնացել են նավով զբոսանքի: «Այո, նա կրակոտ է, բայց ես Լոնդոնից եկել եմ բիզնես անելու համար: Ի՞նչ կարող եմ սովորել նրանից», - ասել է մասնակիցներից մեկը։
KKW Beauty-ի 42-ամյա հիմնադիր եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կառուցել է իր սեփական բիզնես կայսրությունը՝ 2021 թվականին մտնելով Forbes-ի միլիարդատերերի ցանկ։