«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ Ջերմուկի հենց կենտրոնում՝ ըմպելասրահի հարևանությամբ, արդեն հինգերորդ տարին է, ինչ շքեղ հյուրանոց է կառուցվում՝ թամանյանական ոճով, որի մտահղացման հեղինակը, ըստ ջեմուկցիների, Սերժ Սարգսյանն է: Սակայն կառույցի դե-ֆակտո տերը Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանն է:
Հյուրանոցը, որը դեռ անուն չունի, պետք է բացվեր 2010 թվականին, հետո՝ 11-ին, ապա՝ 12-ին, վերջնական ժամկետը 13 թիվն էր, սակայն մեկ օրում վեր խոյացող հայաստանյան Էլիտարների կողքին «հազար» տարի կառուցվող այս հյուրանոցն այս տարի էլ չի հանձնվի շահագործման, որովհետև երեսպատման աշխատանքները, ներքին հարդարումը դեռ չեն էլ սկսվել: Ջերմուկյան կյանքի «առողջացմանն» ու աշխուժացմանը միտված սույն կառույցի միակ «հմայքը» սա չէ. օր օրի դատարկվող, մոռացվող Ջերմուկում դեռ հույս են փայփայում, որ հյուրանոցը, խոստման համաձայն, կհանձնվի իտալացիներին, որոնք էլ կիրականացնեն կառավարումը, ու իտալացիների գալուց հետո վերջապես իշխանություններն ու միջին խավը կհիշեն, որ Հայաստանը ևս ունի դրախտավայր, անունը՝ Ջերմուկ: Որովհետեւ վաղուց արդեն իշխանավորներն այլևս չեն գալիս Ջերմուկում հանգստանալու: