«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Պարզվում է՝ քաղաքացիական ակտիվիստ աշխատելն այսօր բավական ձեռնտու գործ է, այլապես որոշ ակտիվիստներ իրենց պատեպատ չէին տա և ամեն առիթով աղմուկ չէին ստեղծի ինչ-որ մարդկանց աչքին երևալու համար: Ու արդեն աներկբա է, որ այսօր ակտիվիստները երկու խմբի են բաժանվել՝ ազնիվ ու անազնիվ: Հավանաբար, այս իրավիճակը զգալով, ակտիվիստներին քննադատեց նախկին դատավոր, ընդդիմադիր Պարգև Օհանյանը՝ խորհուրդ տալով «մեռած հուշարձանների»՝ Փակ շուկայի համար պայքարելու փոխարեն հուշարձան դարձող մեր քաղաքների, գյուղերի, ծխացող տների համար պայքարել: Երեկ էլ համացանցը ողողված էր կարծիքներով, թե օրեցօր ի հայտ են գալիս մարդիկ, որոնք, գրանտներ ու անհասկանալի հանձնարարություններ ստանալով, փորձում են երկրում անազնիվ ընդվզումներ հրահրել այս կամ այն երևույթի դեմ՝ արժեզրկելով անգամ «պայքար» բառի իմաստը:

Նկատենք, որ պայքարի առաջամարտիկների մասին առաջին կասկածները բարձրաձայնվեցին լուսանկարի տեսքով, երբ Փակ շուկայի վրա նույնքան կասկածելի մարդկանց կողմից փակցվեցին Նախախորհրդարանի անդամներ Կարո Եղնուկյանի և Գարեգին Չուքասզյանի նկարներով պաստառները՝ «գրանտակերներ, օտարերկրյա լրտեսներ և մասոն» որակումներով: Թե որքանով են հիմնավոր այս պնդումները, դժվար է ասել, միայն փաստ է, որ Գ. Չուքասզյանը նախկինում աշխատել է «գրանտներ տվող» հայտնի «Սորոս» հիմնադրամում, իսկ Եղնուկյանն էլ սկսեց հանրության աչքին երեւալ որպես Պարույր Հայրիկյանի մտերիմ»: