Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որոշումը պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու վերաբերյալ։
«Ջիջի, դու դարձար լավագույն դարպասապահներից մեկը պատմության մեջ եւ օրինակելի բազմաթիվ դարպասապահների համար։ Պատիվ էր քո դեմ խաղալը։
Շնորհավորում եմ քեզ հրաշալի կարիերայի կապակցությամբ եւ մաղթում լավագույնը նոր փուլում»,- գրել է Տեր Շտեգենը։
Բուֆոնը իտալական «Պարմայի» ակադեմիայի սան է։ 1995-2001 թվականներին «Պարմայում» հանդես գալուց հետո նա տեղափոխվել է «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է 17 տարի, ապա մեկ մրցաշրջան խաղացել է ՊՍԺ-ում։ Փարիզից հետո նա վերադարձել է թուրինյան ակումբ, իսկ 2021-ին դարձյալ միացել էր «Պարմային»։
«Յուվենտուսի» հետ Բուֆոնը դարձել է Իտալիայի 10-ակի չեմպիոն, 5 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը։ Իտալիայի հավաքականի կազմում Բուֆոնը դարձել է 2006թ․ աշխարհի չեմպիոն։