Եվ մի՞թե պատժելիություն չկա, լա՛վ, հսկողությո՞ւն էլ չկա․․․
***
Ինձ շատ հարազատ մի ընտանիք օրերս պիտի հանգստի մեկներ, ամրագրումն արվել է դեռևս մայիսին, մարդիկ մի ամբողջ տարի տքնաջան աշխատել են, պլաններ կազմել, ընտանիքի մանկահասակ երեխաները մի տարի սպասել են, որովհետև ծնողներն ասել են, թե ամռանն անպայման Եգիպտոս են գնալու, խոստացել են ծնողները, և երեխաները ոգևորված մտովի պատկերացրել են, թե ինչեր են անելու այնտեղ, Եգիպտոսի պատմությունն են ուսումնասիրել օրերով․․․բայց․․․
***
Կրկնում եմ՝ մայիսին ամրագրումն արվել է, և մայիսից հուլիս-օգոստոս մարդիկ սպասել են արձակուրդին ու երկար սպասված հանգստին․․․
Ի՞նչ իմանային, սակայն, որ առաջին հայացքից գայթակղիչ առաջարկներով հանդես եկած, նախորդ տարիներից անուն վաստակած, ներգնա և արտագնա տուրեր առաջարկող «Էնջելս թրավել» տուրիստական գործակալությունը հենց այս տարի կորոշի աշխարհիս մեծագույն անազնվությունն անել՝ առանց մի գրամ խղճի խայթ զգալու տապալելով 40-ից ավելի ընտանիքի հանգիստը, հօդս ցնդեցնելով մարդկանց սպասումները, և որ ամենից ցավեցնողն է՝ երեխաների մանկական խանդավառումները․․․
Լա՛վ, դուք խիղճ չունիք, սի՞րտ ալ չունիք․․․
Չէ՛, տուրիստական ընկերության տնօրեն Անժելա Միքայելյանն անգամ Աստծուց վախ չունի․․․
Նա իրենց տուրիստականին դիմած մարդկանցից նախ գումարի մի մասն է խնդրում, փաստաթղթեր ու անդորրագրեր է տրամադրում, հավաստիացնում, որ ամրագրումն արված է, ապա մեկնումից օրեր առաջ զանգում և շտապելային տեքստով հայտնում է, թե իբր հյուրանոցը վերջնական ամրագրում անելու համար հիմա էլ ողջ գումարն է պահանջում․․․ մարդիկ, որ արդեն վստահում էին, դիմացինին մարդ էին կարծում և բնավ չէին մտածում, թե, ի դեմս Անժելա Միքայելյանի, գործ ունեն տմարդի, անգութ մի կերպարի հետ, գումարի մյուս մասն էլ են փոխանցում, և միլիոնի հասնող գումարը վերցնելով՝ ամեն օր այլևայլ պատճառաբանումներով ձգձգում է հյուրանոցի ամրագման ու ավիատոմսերի տրամադրումը սույն տնօրինուհին։
Օրեր անց տուրիստական ընկերությունը, որ գործում է Դավիթաշեն թաղ., Փիրումյանների 4/3 հասցեում, հայտարարություն է տարածում, թե անցնում է օնլայն ռեժիմի և մարդիկ՝ 4 տասնյակից ավելի ընտանիք, կրկնում եմ՝ 40 և ավելի ընտանիք, ակամա հայտնվում է ծայրաստիճան տհաճ իրավիճակում, նախապես պատրաստված ծուղակում․ փաստորեն բոլորը միասին «Էնջելս թրավել» տուրիստական գործակալությանը վճարել են 40-50 միլիոն դրամ և մնացել օդում․․․
Հիմա նրանք ելքեր են փնտրում, փորձում մարդկայնորեն, բանականորեն, օրենսդրորեն լուծել խնդիրը․․․ բայց․․․
Պարզվում է՝ Անժելա Միքայելյանը մեկից գումարն է վերցրել, ամրագրում չի արել, մյուսի թռիչքն ապահովել է, հասցրել Եգիպտոս, ու մարդիկ տեղում պարզել են, որ ոչ մի հյուրանոց էլ չկա, մնացել են փողոցում, երրորդին դեռ շարունակում է խաբել՝ այսքանից հետո սոցհարթակներում գովազդներ տեղադրելով, գայթակղիչ տարբերակներ առաջարկելով․․․
Եվ մի՞թե պատժելիություն չկա, լա՛վ, հսկողությո՞ւն էլ չկա․․․
Մեկն ուղղակի քնից արթնանա, մարդկանց միլիոններով վնաս հասցնի, հոգեպես ճնշի ու չպատժվի՞․․․ Պատկան մարմիններն ասում են՝ օրենքի բաց է․․․ է հետո՞, և իրո՞ք անհնար է կասեցնել նման ընկերության գործունեությունը․․․ կամ ինչպե՞ս մանկահասակ երեխաներին այսքանից հետո շարունակել համոզել, որ մարդիկ լավն են․․․
Չգիտեմ․․․