2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, շաքարավազի` 7.3-2.2% գնանկումով, տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

Մրգի ապրանքախմբում 2013թ. սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 20.6% գնաճ, իսկ նախորդ ամսվա համեմատ սեպտեմբերին արձանագրվել է մրգի 14.3-4.9% գնանկում: Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մարտունիում, իսկ մայրաքաղաքում՝ 6.2%-ով: Օգոստոսի համեմատ սեպտեմբերին նվազել են խնձորի գինը՝ 5.5%-ով, ադամաթզինը` 4.6%-ով:

Ինչ վերաբերում է բանջարեղենին, ապա 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 12.4% գնաճ, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ` 6.3% գնանկում: Գնանկումը հիմնականում պայմանավորվել է գազարի` 34.5%, ճակնդեղի` 26.7%, կանաչ լոբու` 19.0%, գլուխ սոխի` 15.5%, կանաչ պղպեղի` 12.4%, կարտոֆիլի` 13.6%, վարունգի` 10.7%, սխտորի` 10.2% գնանկումով: 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սնկի` 3.8%, կաղամբի` 5.2%, ծաղկակաղամբի` 6.9%, խառը կանաչեղենի` 7.6%, լոլիկի` 8.4%, կանաչ սոխի` 22.8%, սմբուկի` 46.5% գնաճ:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 14.8%-ով, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 2.2%-ով:

Հացամթերքի ապրանքախմբում 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.1% գնաճ, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 0.3% գնանկում: Վերջինս հիմնականում բարձր և առաջին տեսակի ալյուրների` համապատասխանաբար 1.7% և 1.4%, հաճարի` 1.0%, ձավարի` 0.8%, մակարոնեղենի` 0.8%, հնդկացորենի` 0.3% գնանկման արդյունք է:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է հացամթերքի` 2.5-0.1% գնանկում, իսկ մյուս 2-ում`0.1-0.8% գնաճ: Մայրաքաղաքում հացամթերքի գները նվազել են 0.1%-ով:

2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի` 38.6%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 9.4% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում արձանագրվել է ձվի 7.6-19.1% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 7.8%-ով:

2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում գրանցվել է 12.5%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 0.6% գնաճ: Սրան մեծապես նպաստել է կարագի 2.2% գնաճը:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 4.4%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ`0.4% գնաճ: