«Փյունիկը» հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանին, որը պայմանագիր է կնքել Հունգարիայի Բարձրագույն խմբի նորեկ «Կազինբարցիկա» թիմի հետ։ 32-ամյա կենտրոնական պաշտպանի նախորդ թիմը «Փյունիկն» էր։

«Շնորհակալություն տուն վերադարձի և թեկուզ կարճ, բայց կրկին միասին անցած ճանապարհի համար։

Հաջողություն ենք մաղթում քեզ, Վատո»,- նշվում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում։

Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել Հունգարիայի Բարձրագույն խմբի նորեկ «Կազինբարցիկա» թիմի հետ։ 32-ամյա կենտրոնական պաշտպանի նախորդ թիմը «Փյունիկն» էր։

Հարոյանը 2008 թվականին իր կարիերան սկսել է Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Պատանի» թիմում։ 2009 թվականի ապրիլի 7-ին, Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ «Կիլիկիայի» դեմ (3:0) պատասխան խաղում նա իր նորամուտն է նշել «Փյունիկում»։

Վարազդատ Հարոյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն (2009, 2010, 2014/15 թթ․), հնգակի գավաթակիր (2009, 2010, 2012/13, 2013/14, 2014/15 թթ․) և եռակի սուպերգավաթակիր (2010, 2011, 2015 թթ․)։

2016 թվականի ամռանը Հարոյանը տեղափոխվել է իրանական «Փադիդե» ակումբ, որտեղ 1 տարի հանդես գալուց հետո, կարիերան շարունակել է Եկատերինբուրգի «Ուրալում»։ Հետագայում հայ ֆուտբոլիստը խաղացել է ռուսական «Տամբովում», ղազախական «Աստանայում» և Կիպրոսի «Անորտոսիսում»։ 2021-22 թթ. Վարազդատ Հարոյանը ելույթ է ունեցել իսպանական «Կադիսում», որտեղ անցկացրած 17 խաղում խփել է 1 գոլ՝ դառնալով Իսպանիայի Լա Լիգայում գոլի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը։ Նա հանդես է եկել նաեւ չինական «Ցինդաո Վեսթ Քոսթում»։

2021 թվականի տարեվերջին ՀՖՖ-ի կողմից անցկացված հարցմամբ՝ Վարազդատ Հարոյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Վարազդատ Հարոյանը խաղացել է նաև Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2011 թվականի օգոստոսին Լիտվայի հավաքականի հետ ընկերական խաղում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում։ 2021 թվականից նա հավաքականի ավագն է։