«Փաստ» թերթը գրում է. «Արդեն եթե ոչ բոլորին, ապա առնվազն շատերին ու լիովին հասկանալի է, որ Փաշինյանի «վաշինգտոնյան էպոպեան» առաջին հերթին առաջիկա ընտրությունների մասին էր: Բազմիցս առիթ է եղել նշելու, որ Փաշինյանին շատ էր պետք մի ինչ-որ թուղթ, որի վրա վերնագրում լինի «խաղաղություն» բառը, գլուխը՝ քարին, թե բովանդակության մեջ ինչ կլինի:

Եվ Վաշինգտոնից վերադառնալուց ընդամենը օրեր անց, ինչպես և կանխատեսվում էր, Նիկոլ Փաշինյանն սկսեց «խաղաղություն» բառն ավելի առարկայորեն ծախել (վաճառել, սաղացնել) հասարակության վրա: Փաշինյանն ասում է, թե «ապագան եկել է», այլևս խաղաղություն է, պետք է այն խնամել, արդեն լրիվ ուրիշ վիճակում ենք ապ- րում, բլա-բլա-բլա... Տպավորիչ էր, որ նա իր կաբի- նետի նախարարներին շնորհավորում էր... խաղաղության հասնելու համար: Մինչդեռ միակ բանն, ինչին հասել են Փաշինյանն ու իր քաղմերձավորների նեղ կազմը, ընդամենը մի նախաթուղթ է, պայմանավորվածություն... պայմանավորվելու մասին:

Հետո, «խաղաղություն» տերմինը հասարակության վրա ծախելու շրջանակներում, էլի միանգամայն կանխատեսելիորեն, Փաշինյանը հայտարարեց. «Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության ու ոչ խաղաղության միջև»: Սա ավելին է, քան պարզունակ նենգախեղումն ու շանտաժը: Սա ակնհայտ կեղծիք է, որովհետև Հայաստանում ոչ մի նշանակալի քաղաքական ուժ, ոչ մի նկատելի գործիչ խաղաղությանը դեմ չէ: Բոլոր ոչ իշխանական ուժերն ու, առհասարակ, հասարակության ճնշող մեծամասնությունը պարզապես դեմ են ստորացմանը, դեմ են թշնա- մական պարտադրանքի տակ երկրի կենսատարածքները զիջելուն, դեմ են ՀՀ Սահմանադրությունը թշնամական թելադրանքով փոխելուն, դեմ են Արցախն ուրանալուն, դեմ են ՀՀ Անկախության հռչակագիրն առոչինչ հայտարարելուն, դեմ են Հայաստանի թրքացմանն ու ադրբեջանականացմանը: Մեծ հաշվով՝ դեմ են Փաշինյանին ու նրա բերած ավերներին, կորուստներին, ազգային նվաստացմանն ու երկրի ինքնաոչնչացմանը:


Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը տվել է ընտրությունների մեկնարկը: Ու այսօր արդեն ակնհայտ է, որ քարոզչության մեխը լինելու է «խաղաղություն» բառը՝ հաշվի առնելով, որ դա թանկ ու ցանկալի է յուրաքանչյուր հայ մարդու համար, թեկուզ և դեռևս «տակը բան չկա», իսկ թշնամական երկիրը շարունակում է ռազմատենչ ու պահանջող հռետորաբանությունը, իսկ ռազմական ծախսերը գնալով ավելացնում է»։