Այսօր 2014թ բյուջեի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Նա իր խոսքում նշեց, որ հունվարի 1-ից զինծառայողների համար աշխատավարձը բարձրանալու է, սակայն կուտակային օրենքի գործի դրվելուց հետո ՝ այն զինծառայողները, որոնք ծնվել են 1974թ-ից հետո, նվազ աշխատավարձ են ստանալու և վճարելու են նոր հարկատեսակ: «Ստացվում է, որ նրանց աշխատավարձը իբր թե բարձրանալու է: Ասեք, թե որքան է կոնկրետ կազմելու նրանց աշխատավարձը»,- հարցրեց Զարուհի Փոստանջյանը:

Կորյուն Նահապետյանը նախ կարծիք հայտնեց, որ որոշ պատգամավորներ քաղաքական հարցադրումներ անելիս, պետք է մի քիչ զգույշ մոտենան զինված ուժերի և երկրի անվտանգության հարցերին: Նա նաև խորհուրդ տվեց չմտածել, որ եթե պարտադիր կուտակային համակարգ են ներդնում, ուրեմն այդ զինծառայողների վիճակը ծանրանալու է:

Զարուհի Փոստանջյանը արձագանքեց, որ երբ ամբիոնից խոսվում է երկրի մարտունակության մասին, ապա պետք է հիշել նաև թե Շանթ Հարությունյանին, թե ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, որովհետև նրանք էլ ժամանակին գնացել են սահման ու պաշտպանել երկիրը

Կորյուն Նահապետյանն էլ նշեց, որ Զարուհի Փոստանջյանի գնահականները միշտ յուրօրինակ են, բայց չեն համապատասխանում իրականությանը: Նա Զարուհի Փոստանջյանին խորհուրդ տվեց հաճախակի այցելել զորամասեր ու զրուցել զինվորների հետ, որովհետև միայն այդ դեպքում նա ճիշտ պատկերացում կունենա զինծառայողների վիճակի ու երկրի մարտունակության մասին: