Մոնթե Մելքոնյան կերպարի, մարդկային բարձր արժանիքների ու հայրենասեր անհատականության բացառիկ դերակատարության շնորհիվ է, որ պատերազմի դաշտում եղան ձեռքբերումներ, հաջողվեց մարդկանց հույս ներշնչել, և առանց մի փոքր ընկրկելու գրանցեց միմիայն հաղթանակներ:

Այսպես է հիշում Ավոյին իր ընկերն ու մտերիմ բարեկամը` «Մոնթե Մելքոնյան» ՀԿ տնօրեն Ալեք Ենիգոմշյանը, ով համոզված է, որ Մոնթեի համեստությունն ու ամաչկոտությունն այնքան մեծ էին, որ ինքը հիմա կամաչեր, որ իր մասին են խոսում կամ հիշում են իրեն:

«Պարզության և համեստության տիպար էր Ավոն: Մարդ, ով իր կյանքի փորձով ու մարդկային տեսակով այսօրվա անմխիթար վիճակում անհրաժեշտություն է: Նրա կերպարն է, որ կարող է պայքարել այն երևույթների դեմ, որոնք տիրում են մեր երկրում: Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ինքը կա ժողովրդի կողքին, առողջ պետության իսկական արդարության կողքին: Այսօրվա իրավիճակում ինքը պիտի լիներ այն բարոյական ուժը, որն իր շուրջը կհավաքեր բոլորին` և´ ազատամարտիկներին, և´ ողջ պետությանը»,- գնահատեց Մոնթեին Ենիգոմշյանը:

Շարունակելով խոսքը` նշեց, որ իր կարգապահության պահանջներով Մոնթեն խիստ էր, անգամ հիշեց դրվագ, երբ ժողովներից մեկի ժամանակ Մոնթեն անսպասելի ձևով ուշանում, և բոլորն ասում էին, թե ինչպես պետք է վարվի այսուհետ Ավոն, երբ իր իսկ պահանջներն ինքը չի իրականացնում, իսկ Ավոն մտնում և ասում է, որ իր աշխատավարձից պահումներ անեն:

«Մոնթեն կարգապահ էր անգամ պատերազմում: Նա ոչ միայն բնակչության ու զինվորների մեջ էր սեր վայելում, այլև երեխաների մեջ: Երբ մի անգամ Նոր տարվա շեմին հավաքվել էին դահլիճներից մեկում, իսկ Մոնթեն նստած էր վերջում, հանդիսավարուհին հարցրեց երեխաներին, թե ում կցանկանային հիմա տեսնել, հույս ունենալով, որ երեխաները կասեն` Ձմեռ պապիին, նրանք հնչեցրին Ավոյի անունը: Անգամ եղել են դեպքեր, երբ Մոնթեն իր արյունը տվել է թուրք վիրավոր զինվորին, քանի որ նրա ցանկությունն ու նպատակը ազգային արժեքների պահպանումն էր, ոչ թե ավելորդ արյուն թափելը»,- հիշում է ընկերը:

Վերջինիս խոսքերով, այսօր ժողովրդի մեջ համատարած հուսահատություն է, իսկ Մոնթեն այն կերպարն է, որը հուսահատություն բառը չի իմացել, և նա այն կերպարը պետք է լինի, որը թույլ չի տա հուսահատություն: Նա ազնիվ էր, ռեալ, ցնորքներից դուրս, կյանքին կապված, նյութական արժեքների նկատմամբ բացարձակապես անտարբեր: Առանց այդպիսի կերպարների, առանց այդպիսի բարոյական արժեքների մենք չենք կարող շարունակել գոյատևել»,- ասաց Ենիգոմշյանը:

Նրա խոսքերով` արտագաղթ այն ժամանակ էլ կար, սակայն Մոնթեն եկողն էր, գնացողը չէր: Նա նաև հիշեց, որ իր սկզբունքների պատճառով Մոնթեն միշտ կոնֆլիկտների մեջ էր ընկնում, և այսօր նույնպես կլինեին մարդիկ, ովքեր հակոտնյա կլինեին Մոնթեին և նրա սկզբունքներին: