Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի միջոցով քանդակագործ Լևոն Թոքմանջյանը ցանկանում էր հասնել իրականությանը, ստեղծել այնպիսին, ինչպիսին իրեն պատկերացնում էր: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Թոքմանջյանը:

Անդրադառնալով ամբողջ պատմությանը` քանդակագործը նախ նշեց, որ ԱՄՆ-ի ընտանիքի անդամները չընդունեցին քանդակի այս ձևը, իսկ նրա ընկերուհիներից շատերը ցանկանում էին, որ գային քանդակին ձեռք տային և նրա երգը հնչեր, սակայն, բանախոսի խոսքերով, դա քանդակ չէ, այլ՝ տեխնիկա:

«Ես պետք է պահպանեի նրա ծիծաղը, ժպիտը, սակայն սա մահարձան է, որը մի ընտանիքի քմահաճույք է: Սեպտեմբեր ամսին խնդրեցին ինձ, որպեսզի այն տեղափոխենք, այդպես էլ եղավ, ընտանիքի ամդամները կռան բերեցին և քանդակը տեղափոխեցին: Փաստորեն, երեք ամիս քանդակը գտնվում էր քաղաքային պանթեոնում` իր շիրիմի վրա, և հանկարծ այս օրերին ես լսում եմ տարբեր մեղադրանքներ նրա ամուսնու կողմից»,- նշեց նա:

Նրա խոսքերով, սկզբանական պատվիրատուն եղել է քրոջ ընտանիքը, սակայն հետո դարձել է ամուսինը, և հիմա էլ վերջինս առանց քանդակը տեսնելու, օվկիանոսից այն կողմ մեղադրանքներ է հնչեցնում:

«Միթե՞ սա պղծում չէ Ֆլորայի հիշատակին: Գոնե գային ծաղիկ դնեին, հավերժացնեին, կարծես` ցեխոտեցին: Մի՞թե Ֆլորան իրենց համար արժեք չուներ: Ես ամեն ինչ արել եմ, որ ստանամ նրա էությունը: Կամ սա ընտանեկան տարաձայնությունների արդյունք է, կամ այլ դրդող հանգամանքներ կան»,- նշեց Թոքմաջյանը:

Լրագրողները փորձեցին պարզաբանումներ ստանալ քանդակագործից մեղադրանքների շուրջ: Մասնավորապես նշենք, որ բարեկամները նշում են, թե պայմանավորվածություն է եղել, որպեսզի մի քարից լիներ, հետո դարձել է երկու, կամ լրիվ արձան են ցանկացել, ապա փոխվել է կիսանդրի: Բարեկամները նաև նշել են, թե արձանի համար վճարվել է տասը հազար դոլար և բոլորովին այլ արձան են ցանկացել,իսկ հետո էլ ավելացրել են գումարը:

Այս հարցերի վերաբերյալ Թոքմանջյանը ներկայացրեց հետևյալ պարզաբանումները.

«Նախ պայմանավորվել էինք բյուստ, և ես մտածում էի, որ հիմնականը ստեղ բյուստնա: Բոլորիս հայտնի են, թե Ֆլորայի չափսերն ինչպիսին են, և հասկացա, որ մի քարից չեմ կարող անել և տեղեկացրեցի, որ երկու քարից է լինելու: Ես գումար չեմ ավելացրել, նրանք գիտեին, որ պետք է փոխվի»,- նշեց նա:

Մյուս դիտարկմանը, թե նրանք ասում են, որ կիսանդրին չի արտացոլում երգչուհու կերպարը, և իրենց ցանկությունն էր այնպես լիներ, ինչպես հայտնի է հասարակությանը:

«Ես լուրաքանչյուր էտապում լուսանկարում և ուղարկում էի ամուսնուն: Երբ ես իմացա, որ պատվիրատուն փոխվում է, ցանկացա հրաժարվել, քանի որ գիտեի, թե ամուսինն ինչպիսին է, սակայն բարեկամները խնդրեցին շարունակել, և եթե դժգոհություն կա, ապա ինչու՞ է երեք ամիս առաջ եկել-տարել: Տհասության արդյունք է: Նրանք չգիտեն` ինչ է քանդակը, նրանք լուսանկար էին ուզում»,- նկատեց քանդակագործը:
Վերջինս կարծիք հայտնեց, որ առաջին անգամ է տեսնում, որ շիրմաքարը դարձնում են քննարկման առարկա: «Դուք հանդիպե՞լ եք նման բան, սա իրենց տգիտության մասին է խոսում, նրանք ցեխ են շպրտում Ֆլորայի վրա»,- եզրափակեց նա` հավելելով, որ իրենք պետք է հաշտվեն ստեղծվածի հետ: