2012 թվականի 11 ամիսների հետ համեմատած 2013 թվականի նույն ժամանակահատվածում 4 ամիսներին գրանցվել է ապրանքատեսակների գնի նվազում, 6 ամիսներին գնաճ, և միայն մայիսին` մնացել է անփոփոխ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, ով նշեց նաև, որ 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.8% գնաճ:
«Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-22.0% գնաճ, 5-ում` 1.5-0.1% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 10.2%, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ`3.3% գնաճ»,- հայտնեց Մարտիրոսյանը:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 7.5%, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ` 22.0% գնաճ: 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է գազարի` 0.4%, սնկի` 3.3%, կանաչ սոխի` 7.4%, սխտորի` 9.6%, գլուխ սոխի` 11.8%, խառը կանաչեղենի` 15.3%, ծաղկակաղամբի` 28.0%, վարունգի` 51.7%, լոլիկի` 1.8 անգամ, կանաչ պղպեղի` 2.0 անգամ, սմբուկի`3.1 անգամ գնաճ: Դրան զուգընթաց, կաղամբի գինը նվազել է 6.4%-ով, բողկինը` 3.6%-ով, կարտոֆիլինը` 2.0%-ով, ճակնդեղինը` 1.6%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ` Հանրապետության բոլոր 11 բնակավայրերում էլ գրանցվել է 0,5-1,5% գնաճ: Կապանում, Մարտիրոսյանի փոխանցմամբ, ամենամեծն է գրանցվել գնաճը` 1,2%, իսկ մայրաքաղաքում` 0,8 %:
«Ձվի միջին գինը 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում աճել է 30.0%-ով, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ` 0.1%-ով: Մսամթերքի ապրանքախմբում 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ գներն աճել են 3.7%, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ»,- հավելեց Մարտիրոսյանը` նշելով նաև, որ շաքարավազի հանրապետական միջին գինը 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ նվազել է 16.9%-ով, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ` 1.5%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ի գրանցած տվյալներից` կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 6.2% գնաճ, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ` 1.0% գնանկում:
Մարտիրոսյանի գնահատմամբ` գնաճը հիմնականում կապված է սեզոնայնությամբ, իսկ հարևան պետություններում գրանցվել են հետևայալ տվյալները` Թուրքիայում 7%, Ադրբեջանում` 0,5%, Վրաստանում` 0,5% գնաճ:
Իսկ մրգի ապրանքախմբում, Մարտիրոսյանի փոխանցմամբ, 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.9% գնաճ, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ`0.6% գնանկում:
Լրագրողի այն հարցին, թե ինչպիսին են ԱՎԾ-ի կանխատեսումները Ամանորի նախաշեմի հետ կապված, և արդյոք թանկացումը կզգացվի միայն տրանսպորտի գնի առումով, Մարտիրոսյանը պատասխանեց, որ առայժմ նրանք կանխատեսումներ անել չեն կարող, իսկ տրանսպորտի գինն իհարկե իրեն զգացնել կտա: