Ինչպես երեկ հայտնել էինք, գերմանական մամուլը տեղեկություն էր տարածել, որ «Վոլֆսբուրգ» ակումբը պատրաստ է 7,5 միլիոն եվրո տրամադրել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու համար:
Այս տեղեկատվությունը «Советский спорт»-ի հետ զրույցում մեկնաբանել է հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեջբերում ենք հարցազրույցից մի հատված:
- Հայաստանում թիմակիցները ընկերներ են նաև դաշտից դուրս: Բորուսիայում էլ է այդպե՞ս:
- Այո, իհարկե: Օրինակ, երբեմն պարապմունքներից հետո մենք ամբողջ թիմով կարող ենք գնալ ինչ-որ տեղ ընթրելու:
- Վերջին շրջանում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել գերմանական ակումբ: Ինչպե՞ս եք կարծում, նա կարո՞ղ է հարմարվել Գերմանիայում:
- Այս հարցը պետք է տալ անձամբ Յուրային: Չնայած ես կարծում եմ, որ բարձրակարգ ֆուտբոլիստը կարող է խաղալ ամենուրեք: