ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը պահանջում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծել` գազի հետ կապված հարցերը քննարկելու համար : Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«49 պատգամավոր միացել են այս նախաձեռնությանը և ցանկանում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով գազի գնի հետ կապված», - նշեց նա:
Պատգամավորի խոսքերով, հանձնաժողովը պետք է անդրադառնա երկու կարևոր խնդիրների.
«Առաջինը` 300 մլն պարտքի գոյացումն է, կայացումը, պատճառները, իսկ երկրորդը` թե ինչպես է առաջացել այդքան մեծ տարբերությունը գազի գնի», - հայտնեց Մանուկյանը:
Նա առաջարկեց բոլոր խմբակցություններին, որ այստեղ ունենան ներկայացուցիչներ:
Անդրադառնալով գոյացած պարտքին, նա նշեց, որ թաքցվել է այդ պարտքի գոյությունը և գաղտնի է պահվել նաև բանակցությունների ընթացքը:
«Եվ հիմնական մեղավորները էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն են, որոնք միշտ ասել են, որ ոչինչ գաղտնի չի պայվել, և իրենք պետք է ասեին բանակցությունների ավարտից հետո: Նշեմ, որ գազի գների թանկացում այս ընթացքում եղել է 5 անգամ», - նշեց ՀԱԿ պատգամավորը: