ԱԺ ոչ իշխանական  չորս ուժերը պահանջում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծել` գազի հետ կապված հարցերը քննարկելու համար : Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 

«49 պատգամավոր միացել են այս նախաձեռնությանը և  ցանկանում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով գազի գնի հետ կապված», - նշեց նա:

Պատգամավորի խոսքերով, հանձնաժողովը պետք է անդրադառնա երկու կարևոր խնդիրների.

«Առաջինը`  300 մլն պարտքի գոյացումն է, կայացումը, պատճառները, իսկ երկրորդը` թե ինչպես է առաջացել այդքան մեծ տարբերությունը գազի գնի», - հայտնեց Մանուկյանը:

Նա առաջարկեց բոլոր խմբակցություններին, որ այստեղ ունենան ներկայացուցիչներ:

Անդրադառնալով գոյացած պարտքին, նա նշեց, որ թաքցվել է այդ պարտքի գոյությունը և գաղտնի է պահվել նաև բանակցությունների ընթացքը:

«Եվ հիմնական մեղավորները էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանն են, որոնք  միշտ ասել են, որ ոչինչ գաղտնի չի պայվել,  և իրենք պետք է ասեին բանակցությունների ավարտից հետո: Նշեմ, որ գազի գների թանկացում այս ընթացքում եղել է 5 անգամ», - նշեց ՀԱԿ պատգամավորը: