Գառնու տաճարը շատ մեծ մշակութային արժեք է և ես չեմ պատկերացնում, որ Գառնի մտնես ու կենտրոնական մասում տեսնես սրճարան: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Գառնիի տաճարի ներսում շարժական սրճարան տեղադրելուն, այդ մասին նշեց Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը:
Որպես համեմատություն նա նշեց Իտալիա այցելությունը:

« Եթե մեզ տանեն Իտալիա և Կոլիզեյի մեջտեղում տեսնենք սրճարան՝ կզարմանանք, նույնն էլ ցանկանում ենք կապել Գառնիի հետ», - նշեց նա, հավելելով, որ այն տարածքը, որտեղ պետք է սրճարան կառուցվի, տուրիստների կողմից օգտագործվում է:

Նա նշեց, որ իրենց միության անունից դիմել են վարչապետին, նամակ են ուղարկել էկոնոմիկայի նախարարությանը, մշակույթի նախարարությանը և դեռ պատասխան չեն ստացել:

Նշենք, որ ասուլիսին պետք է ներկա լիներ նաև Գառնու գյուղապետը Աշոտ Վարդանյանը, սակայն նա ներկա չէր: Գիդերի միության նախագահն այսպես մեկնաբանեց գյուղապետի բացակայության պատճառը:

«Նա ասեց անպայման ներկա կլինի, սակայն երեկ երեկոյան նրան կանչել էին մարզպետարան և ասել, որ առանց մարզպետի թույլտվության ոչ մեկ չի կարող օգտագործել այդ տարածքը և նրանց պատասխանը գոհացրել է իրեն և և որոշել է չգալ այլևս ասուլիսի», - նշեց նա, հավելելով, որ մարզպետարանում նրան ասել են հանգիստ եղիր՝ մենք ամեն ինչ կկարգավորենք: