Այսօր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:
Մենք՝ «Հայոց Արծիվներս», անցյալ ժամանակով չենք ողջունում Ձեզ, սպարապե՛տ, որովհետև Դուք հաղթանակի բարձունքներից անդադար նայում եք մեզ և հպարտորեն հսկում Եռաբլուրում Ձեր շուրջը շարված տղաների անվտանգությունը, Դուք խոսում եք Ձեր անունով կոչված ռազմական ակադեմիայի լսարաններից, զորամասից, դպրոցներից ու փողոցներից, Ձեր իսկ նախաձեռնությամբ ստեղծված Երկրապահ կամավորականների միության հավաքներից:

Հրամանատար-զինվորիդ համար ազգը նպատակ էր, հայրենիքը՝ մահապարտի երդում: Դո՛ւք եք հաղթանակ տարած ժողովրդի աննահանջ պայքարի զավակը, հայոց ազգային բանակի մշակն ու սերմնացանը, 20-րդ դարավերջի մեր նոր փորձության երկաթյա կամքը, հայ ազգի դիմադրության անմերժելի ներկայությունը:
Միշտ էլ ժողովուրդը օրհասական պահերին առաջնորդի ոգով է օժտում իր ամենաազնիվ զավակին՝ համոզված լինելով, որ եթե գեհենի միջով էլ նա անցնելու լինի, չի դավաճանի իր քաջ նախնիներին:

Դուք ստացաք Ձեր ժողովրդի ամենամեծ պարգևը՝ սպարապետի կոչումը:
Դուք զինվորն էիք Վարդան զորավարի, Անդրանիկ զորավարի, Նժդեհ սպարապետի, իսկ մենք՝ «Հայոց Արծիվներս», Ձե՛ր զինվորներն ենք: Անավարտ երազներիդ դրոշն ամուր է մեր ձեռքերում, քանզի պարտությունը՝ որպես պատմական հիշողություն, հակացուցված է հայերիս: Պատերազմի ամենօրյա վտանգը այսօր էլ Ձեզ հանգիստ չի տալիս: Ձեր աննկուն ոգին շրջում է հայոց սահմանների վրա՝ զգաստության կոչ անելով կրտսեր զինակիցների ու սպաների՝ չդառնալ թշնամու դիպուկահարի զոհ, ամեն վայրկյան զգոն լինել հող հայրենիի անխոցելիության համար, որովհետև նա է հայի վերջին հանգրվանը:

Մեր հզոր զենքը մեր ինքնապաշտպանությունն է:
Թշնամու գնդակն անգամ խնայեց հերոսիդ, սակայն ազգիդ տականքը՝ ոչ: Հավատացե՛ք, սպարապետ, նա միշտ սարսափելու է Ձեր բացակա ներկայությունից:
Շնորհավոր ծնունդդ, սպարապե՛տ՝ հայոց ազգային հզոր բանակի հավատավոր սերմնացան:


«Հայոց Արծիվներ» հայրենասիրական
շարժման առաջնորդ՝ Խաչիկ Ասրյան