«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 3-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց, թե պահանջում է, որպեսզի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչև մարտի 5-ը գան Ազատության հրապարակ: Տարոն Մարգարյանի մասով Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր նաև, որ նա պետք է հաշվետվություն տա ժողովրդին:
YerevanNews.am-ը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ Արթուր Գևորգյանից փորձեց ճշտել, թե ինչպիսի՞ն է քաղաքապետի վերաբերմունքն առաջարկի հետ կապված: Արթուր Գևորգյանը սկզբում ասաց, որ քաղաքապետին հարցեր ուղղենք` գրավոր և սահմանված ընթացակարգով մեր հարցերը կստանան պատասխան: Սակայն, այնուամենայնիվ, նա մի քանի հարցի պատասխանեց:
-Կարելի՞ է ենթադրել, որ Տարոն Մարգարյանը չի գնալու Ազատության հրապարակ:
-Ես որևէ կերպ չեմ կարող քաղաքապետի փոխարեն պատասխանել, առավել ևս, որ տեղյակ եմ, որ քաղաքապետն աշխատանքային իր գրաֆիկը բավականին հագեցած է և որևէ այլ բան ասել ես չեմ կարող: Ընդամենը կարող եմ արձանագրել փաստը, որ քաղաքապետի աշխատանքային գրաֆիկն այս պահին բավականին հագեցած է:
- Գրաֆիկի մեջ չկա՞ Ազատության հրապարակ գնալը
-Քաղաքապետի աշխատանքային գրաֆիկը կազմվում է առնվազն մեկ շաբաթ առաջ և, բնականաբար, ես չգիտեմ, թե այդ հայտարարությունը, երբ է հնչել, երբ չի հնչել: Գոնե առնվազն այդ գրաֆիկի մեջ որևէ նման բան ես չեմ տեսել:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 17:00ին «Ժառանգություն» կուսկցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրել, որտեղ էլ կասի, թե որն է լինելու իր հետագա անելիքները: