«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 3-ին Ազատության հրապարակում հրավիրված  հանրահավաքում հայտարարեց, թե պահանջում է,  որպեսզի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչև մարտի 5-ը գան Ազատության հրապարակ: Տարոն Մարգարյանի մասով Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր նաև, որ նա պետք է հաշվետվություն տա ժողովրդին:

YerevanNews.am­-ը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ Արթուր Գևորգյանից փորձեց ճշտել, թե ինչպիսի՞ն է քաղաքապետի վերաբերմունքն առաջարկի հետ կապված: Արթուր Գևորգյանը սկզբում ասաց, որ քաղաքապետին հարցեր ուղղենք` գրավոր և սահմանված ընթացակարգով մեր հարցերը կստանան պատասխան: Սակայն, այնուամենայնիվ, նա մի քանի հարցի պատասխանեց:

-Կարելի՞ է ենթադրել,  որ  Տարոն Մարգարյանը չի գնալու Ազատության հրապարակ:

-Ես որևէ կերպ չեմ կարող քաղաքապետի փոխարեն պատասխանել, առավել ևս, որ տեղյակ եմ, որ քաղաքապետն աշխատանքային իր գրաֆիկը բավականին հագեցած է և որևէ այլ բան ասել ես չեմ կարող: Ընդամենը կարող եմ արձանագրել փաստը, որ քաղաքապետի աշխատանքային գրաֆիկն այս պահին բավականին հագեցած է:

- Գրաֆիկի մեջ չկա՞ Ազատության հրապարակ գնալը

-Քաղաքապետի աշխատանքային գրաֆիկը կազմվում է առնվազն մեկ շաբաթ առաջ և, բնականաբար, ես չգիտեմ, թե այդ հայտարարությունը, երբ է հնչել, երբ չի հնչել: Գոնե առնվազն այդ գրաֆիկի մեջ որևէ նման բան  ես չեմ տեսել:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 17:00­ին  «Ժառանգություն» կուսկցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրել, որտեղ էլ կասի, թե որն է լինելու իր հետագա անելիքները: