«Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի և «ՍԹԱՐ ԴԻՎԱՅՆ» ընկերությունների միջև տարաձայնություններ են սկսվել:

  Հիշեցնենք, որ ավելի վաղ YerevaNnews.am-ը տեղեկացրել էր,որ «Հացագործ Անդրանիկ» ընկերության աշխատակիցները,  04.03.2013-ին  Ավան թաղամասի «Սթար» սուպերմարկետի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել:

 YerevanNews.am-ի թղթակիցը փորձեց միաժամանակ երկու ընկերություններից բացահայտել տարաձայնությունների շղթան:

«Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Եվգենիա Մելքոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ  «ՍԹԱՐ ԴԻՎԱՅՆ» ընկերությունը համապատասխան ժամկետներում չի վճարել մատակարարված ապրանքի դիմաց, և որ  այս պահին, ըստ նրա, կուտակվել է մոտ 16 մլն դրամ գումար:

Ինչու՞ մինչև այս պահը վճարում չի կատարվել «Սթար» ընկերության կողմից. այս հարցի պատասխանը YerevanNews.am–ը փորձեց պարզել հենց ցույցի օրը Ավան, Հովհաննիսյան թաղ. 24/7 հասցեում գտնվող խանութի տնօրենից, ում դեմ, ըստ էության տվյալ պահին  բողոքում էին ցուցարարները: Խանութի տնօրեն Արտյոմ Փամբուխչյանը մեզ հետ զրույցում ասաց , որ ինքը ոչ մի լիազորություն չունի մեր հարցերին պատասխանելու համար:

 Մեր հարցերի  պատասխանները, ի վերջո անապատսախան չմնացին:  Երկար բանակցությունների արդյունքում մենք կարողացանք կապ հաստատել համապատասխան  աշխատակցի հետ, ով պատասխանեց Yerevannews.am-ի գրավոր հարցմանը:

Գրավոր պատասխանի արդյունքում  պարզվեց, որ «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի և «Սթար Դիվայն» ընկերության համագործակցության ընթացքում, իսկապես  վերջին ժամանակներում որոշակի պարտք է գոյացել:

«Մեր տվյալներով` ժամկետանց պարտքը կազմում է 8,000,000 ՀՀ դրամ: Ցանկանում ենք նշել, որ «ՍԹԱՐ» առևտրային ցանցի կողմից բազմիցս բարձրաձայնվել է կազմակերպության ֆինանսական խնդիրների առկայության փաստը, ինչից հասկանալի է դառնում, թե ինչու պարտավորությունները չեն կատարվում նշված ժամկետների ընթացքում: Այդ պատճառով «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ  տնօրեն Անդրանիկ Հակոբյանի հետ ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն ` պարտքը որոշակի ժամանակացույցով, այսինքն՝  մաս-մաս մարելու վերաբերյալ»,- այս ամենը գրված է նրանց պատասխան նամակում: 

Սակայն «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ից մեզ հայտնում են, որ  իրականում 8 մլն դրամ պարտքը յուրաքանչյուր օր ավելանում է, և այն կարող է ավելի մեծանալ, քանի որ համաձայն կնքված պայմանագրի «Սթար» ընկերությունը պարտավոր էր մատակարարված ապրանքի դիմաց վճարում կատարել 60 օրվա ընթացքում: Քանի որ վերջինս ժամանակին չի կատարում իր վճարումները, հետևաբար գումարի չափը օրեցօր մեծանում է:

«Սուրիկի լավաշ» ընկերության փոխտնօրենն ավելի վաղ  YerevanNews.am հետ զրույցում հայտնել էր, որ «Սթար» ընկերությունից  իրենց  հայտնել են, որ վճարումը պարբերաբար կկատարեն, սակայն գումարի մի փոքր հատված վճարելուց հետո, նորից դադարեցվել է այն:  

 Ասվածի ճշմարտացիությունը հասկանալու   համար Yerevannews.am-ի հաջորդ հարցին,թե  ո՞րն է պատճառը և ի՞նչ խանգարող հանգամանքներ կան, համաձայն որի, «Սթար» ընկերությունը ուշացրել է վճարումը, «ՍԹԱՐ» առևտրային ցանցի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արսեն Մանասյանը  պատասխանել է.

«Բանակցային գործընթացի ընթացքում մենք հիմնվում ենք իրատեսական քայլերի և մեր կազմակերպության հնարավորությունների վրա, այլ ոչ ` մատակարարի համար ցանկալի պայմանների: Ըստ էության, մեր նախկին պայմանավորվածությունները կատարվել են, ինչը, կարծում եմ, կարող է հավաստել նաև Անդրանիկ Հակոբյանը»:

«Հացագործ Անդրանիկ» ընկերությունը իսկսպես  չհերքեց նախկինում  կատարված գործարքների  մասին, բայց նրանց խոսքով  իրենց խնդիը 2012թվ. պայմանագրային հիմուքների խախտմանն է վերաբերվում, այլ  ոչ թե վաղ անցյալի բանավոր պայմանավորվածություններին:

Մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել «Սթար» ընկերությունը` ստեղծված իրավիճակը հարթելու համար, «Սթար» ընկերությունից պատասխանել են. ««Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի հետ բանակցությունները շարունակվում են, մենք գտնվում ենք Անդրանիկ Հակոբյանի հետ անընդհատ և անմիջական շփումների մեջ»:

Հարցին, թե այնուամենայնիվ, ինչ ժամկետներում է մարելու «Սթար» ընկերությունն իր պարտքերը, ընկերությունը խուսափում է կոնկրետ ժամկետներ նշելուց:

 «Մենք չենք հրաժարվում վճարել պարտքը, պարզապես այդ գործընթացը պետք է իրականացնել իրատեսական պայմաններից ելնելով, ինչը և անընդհատ քննարկման թեմա է հանդիսանում «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ ղեկավարության հետ»,-ասված է «Սթար» ընկերության պատասխան նամակում:

Նշենք, որ «Սուրիկի լավաշ» ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ դադարեցրել է իր աշխատանքները, քանի որ արտադրամասը չունի գումար, որպեսզի ալյուր գնի` աշխատանքները վերսկսելու համար:

«Սթար» ընկերությունը կարծում է, որ աշխատանքների դադարեցման հարցում իրենց մեղքի չափաբաժինը շատ քիչ է:

««Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ն համագործակցում է ոչ միայն ՍԹԱՐ առևտրային ցանցի, այլ նաև շատ այլ կազմակերպությունների հետ, իսկ ՍԹԱՐ ցանցի մասնաբաժինն այդ ապրանքաշրջանառության մեջ գերիշխող չէ: Հետևաբար, պետք չէ «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի որևէ արտադրամասի աշխատանքի հնարավոր դադարեցման ամբողջ պատասխանատվությունը գցել ՍԹԱՐ առևտային ցանցի վրա: Ընկերության աշխատանքը կարող է դադարեցվել տարբեր պատճառներով. «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի ղեկավարության կողմից մենք արդեն մի քանի պատճառ ենք լսել ՝ գազի, ալյուրի բացակայություն և այլն»,-ասված է պատասխան նամակում:

Ըստ «Սթար» ընկերության, օրեր առաջ Ավանի «Սթար» սուպերմարկետի դիմաց կազմակերպված ցույցը եղել է էմոցիոնալ, որը ըստ նրանց հարցի լուծում չի համարվում:
«Մենք ըմբռնումով ենք մոտենում այն մարդկանց, որոնց գործողությունները մեզ վնաս հասցրեցին, քանի որ կարծում ենք, որ նրանք դարձել են իրենց ղեկավարության զոհն, ու այդ պատճառով չցանկացանք դիմել իրավապահ մարմինների օգնությանը»,-ասված է պատասխան նամակում:

Ի դեպ, Yerevannews-am-ի լրագրողն  այն պահին, երբ գտնվում էր  «Սթար» սուպերմարկետի   Ավանի տարածքում,  ֆիքսել է, որ այնտեղ են եղել նաև ոստիկանները: Ինչը, «Սթար» ընկերության կողմից, փաստորեն հերքվում է:

«Մենք եկել ենք բողոքելու այն բանի համար, որ այսօր մենք մնացել  ենք առանց աշխատանքի:  Մենք ալյուր չունենք այսօր, որ աշխատենք»- փետրվարի 4-ին մեզ հետ զրույցում ասաց «Սուրիկի լավաշ» ընկերության ավագ հացթուխ  Մկրտչյան Աիդան և ավելացրեց, որ իրենց ոչ ոք չի պարտադրել, որպեսզի ցույց կազմակերպեն և իրենք պայքարելու են այնքան, մինչև իրենց աշխատանքները կարգավորվեն:

Շարունակելով պատասխանել մեր հարցերին, «Սթար» ընկերությունը թերևս չի զլացել և հերքել է մեր այն դիտարկումը, որ մամուլում լուրեր են տարածվել, որ «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցը սննկացման եզրին է հայտնվել և տարբեր ընկերությունների հետ ունի ֆինանսական խնդիրներ:

 «Առևտրային ցանցի սննկացման հարցն անընդունելի է կազմակերպության սեփականատերերի կողմից և քննարկման ենթակա չէ: ՍԹԱՐ-ը շարունակելու է իր գործունեությունը հայաստանյան մանրածախ առևտրի ոլորտում»,-ասված է պատասխան նամակում:

Հ. Գ. Փաստորեն, ստացվում է, որ «Սթար» ըւնկերությունը չի սննկացել, ինչպես իրենք են հայտնում, բայց միևնույն ժամանակ չի էլ կարողանում վճարել իր հետ համագործակցող ընկերությունների գումարները: Այստեղից մնում է եզրակացնել, որ հայաստանյան մանրածախ առևտրի ոլորտի երբեմնի ներկայացուցիչը գումար ունի, սակայն պարտքերը չի ցանկանում ժամանակին մարել:

Ելիզավետա Ասատրյան