«Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի և «ՍԹԱՐ ԴԻՎԱՅՆ» ընկերությունների միջև տարաձայնություններ են սկսվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ YerevaNnews.am-ը տեղեկացրել էր,որ «Հացագործ Անդրանիկ» ընկերության աշխատակիցները, 04.03.2013-ին Ավան թաղամասի «Սթար» սուպերմարկետի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել:
YerevanNews.am-ի թղթակիցը փորձեց միաժամանակ երկու ընկերություններից բացահայտել տարաձայնությունների շղթան:
«Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Եվգենիա Մելքոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «ՍԹԱՐ ԴԻՎԱՅՆ» ընկերությունը համապատասխան ժամկետներում չի վճարել մատակարարված ապրանքի դիմաց, և որ այս պահին, ըստ նրա, կուտակվել է մոտ 16 մլն դրամ գումար:
Ինչու՞ մինչև այս պահը վճարում չի կատարվել «Սթար» ընկերության կողմից. այս հարցի պատասխանը YerevanNews.am–ը փորձեց պարզել հենց ցույցի օրը Ավան, Հովհաննիսյան թաղ. 24/7 հասցեում գտնվող խանութի տնօրենից, ում դեմ, ըստ էության տվյալ պահին բողոքում էին ցուցարարները: Խանութի տնօրեն Արտյոմ Փամբուխչյանը մեզ հետ զրույցում ասաց , որ ինքը ոչ մի լիազորություն չունի մեր հարցերին պատասխանելու համար:
Մեր հարցերի պատասխանները, ի վերջո անապատսախան չմնացին: Երկար բանակցությունների արդյունքում մենք կարողացանք կապ հաստատել համապատասխան աշխատակցի հետ, ով պատասխանեց Yerevannews.am-ի գրավոր հարցմանը:
Գրավոր պատասխանի արդյունքում պարզվեց, որ «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի և «Սթար Դիվայն» ընկերության համագործակցության ընթացքում, իսկապես վերջին ժամանակներում որոշակի պարտք է գոյացել:
«Մեր տվյալներով` ժամկետանց պարտքը կազմում է 8,000,000 ՀՀ դրամ: Ցանկանում ենք նշել, որ «ՍԹԱՐ» առևտրային ցանցի կողմից բազմիցս բարձրաձայնվել է կազմակերպության ֆինանսական խնդիրների առկայության փաստը, ինչից հասկանալի է դառնում, թե ինչու պարտավորությունները չեն կատարվում նշված ժամկետների ընթացքում: Այդ պատճառով «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Հակոբյանի հետ ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն ` պարտքը որոշակի ժամանակացույցով, այսինքն՝ մաս-մաս մարելու վերաբերյալ»,- այս ամենը գրված է նրանց պատասխան նամակում:
Սակայն «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ից մեզ հայտնում են, որ իրականում 8 մլն դրամ պարտքը յուրաքանչյուր օր ավելանում է, և այն կարող է ավելի մեծանալ, քանի որ համաձայն կնքված պայմանագրի «Սթար» ընկերությունը պարտավոր էր մատակարարված ապրանքի դիմաց վճարում կատարել 60 օրվա ընթացքում: Քանի որ վերջինս ժամանակին չի կատարում իր վճարումները, հետևաբար գումարի չափը օրեցօր մեծանում է:
«Սուրիկի լավաշ» ընկերության փոխտնօրենն ավելի վաղ YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ «Սթար» ընկերությունից իրենց հայտնել են, որ վճարումը պարբերաբար կկատարեն, սակայն գումարի մի փոքր հատված վճարելուց հետո, նորից դադարեցվել է այն:
Ասվածի ճշմարտացիությունը հասկանալու համար Yerevannews.am-ի հաջորդ հարցին,թե ո՞րն է պատճառը և ի՞նչ խանգարող հանգամանքներ կան, համաձայն որի, «Սթար» ընկերությունը ուշացրել է վճարումը, «ՍԹԱՐ» առևտրային ցանցի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արսեն Մանասյանը պատասխանել է.
«Բանակցային գործընթացի ընթացքում մենք հիմնվում ենք իրատեսական քայլերի և մեր կազմակերպության հնարավորությունների վրա, այլ ոչ ` մատակարարի համար ցանկալի պայմանների: Ըստ էության, մեր նախկին պայմանավորվածությունները կատարվել են, ինչը, կարծում եմ, կարող է հավաստել նաև Անդրանիկ Հակոբյանը»:
«Հացագործ Անդրանիկ» ընկերությունը իսկսպես չհերքեց նախկինում կատարված գործարքների մասին, բայց նրանց խոսքով իրենց խնդիը 2012թվ. պայմանագրային հիմուքների խախտմանն է վերաբերվում, այլ ոչ թե վաղ անցյալի բանավոր պայմանավորվածություններին:
Մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել «Սթար» ընկերությունը` ստեղծված իրավիճակը հարթելու համար, «Սթար» ընկերությունից պատասխանել են. ««Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի հետ բանակցությունները շարունակվում են, մենք գտնվում ենք Անդրանիկ Հակոբյանի հետ անընդհատ և անմիջական շփումների մեջ»:
Հարցին, թե այնուամենայնիվ, ինչ ժամկետներում է մարելու «Սթար» ընկերությունն իր պարտքերը, ընկերությունը խուսափում է կոնկրետ ժամկետներ նշելուց:
«Մենք չենք հրաժարվում վճարել պարտքը, պարզապես այդ գործընթացը պետք է իրականացնել իրատեսական պայմաններից ելնելով, ինչը և անընդհատ քննարկման թեմա է հանդիսանում «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ ղեկավարության հետ»,-ասված է «Սթար» ընկերության պատասխան նամակում:
Նշենք, որ «Սուրիկի լավաշ» ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ դադարեցրել է իր աշխատանքները, քանի որ արտադրամասը չունի գումար, որպեսզի ալյուր գնի` աշխատանքները վերսկսելու համար:
«Սթար» ընկերությունը կարծում է, որ աշխատանքների դադարեցման հարցում իրենց մեղքի չափաբաժինը շատ քիչ է:
««Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ն համագործակցում է ոչ միայն ՍԹԱՐ առևտրային ցանցի, այլ նաև շատ այլ կազմակերպությունների հետ, իսկ ՍԹԱՐ ցանցի մասնաբաժինն այդ ապրանքաշրջանառության մեջ գերիշխող չէ: Հետևաբար, պետք չէ «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի որևէ արտադրամասի աշխատանքի հնարավոր դադարեցման ամբողջ պատասխանատվությունը գցել ՍԹԱՐ առևտային ցանցի վրա: Ընկերության աշխատանքը կարող է դադարեցվել տարբեր պատճառներով. «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի ղեկավարության կողմից մենք արդեն մի քանի պատճառ ենք լսել ՝ գազի, ալյուրի բացակայություն և այլն»,-ասված է պատասխան նամակում:
Ըստ «Սթար» ընկերության, օրեր առաջ Ավանի «Սթար» սուպերմարկետի դիմաց կազմակերպված ցույցը եղել է էմոցիոնալ, որը ըստ նրանց հարցի լուծում չի համարվում:
«Մենք ըմբռնումով ենք մոտենում այն մարդկանց, որոնց գործողությունները մեզ վնաս հասցրեցին, քանի որ կարծում ենք, որ նրանք դարձել են իրենց ղեկավարության զոհն, ու այդ պատճառով չցանկացանք դիմել իրավապահ մարմինների օգնությանը»,-ասված է պատասխան նամակում:
Ի դեպ, Yerevannews-am-ի լրագրողն այն պահին, երբ գտնվում էր «Սթար» սուպերմարկետի Ավանի տարածքում, ֆիքսել է, որ այնտեղ են եղել նաև ոստիկանները: Ինչը, «Սթար» ընկերության կողմից, փաստորեն հերքվում է:
«Մենք եկել ենք բողոքելու այն բանի համար, որ այսօր մենք մնացել ենք առանց աշխատանքի: Մենք ալյուր չունենք այսօր, որ աշխատենք»- փետրվարի 4-ին մեզ հետ զրույցում ասաց «Սուրիկի լավաշ» ընկերության ավագ հացթուխ Մկրտչյան Աիդան և ավելացրեց, որ իրենց ոչ ոք չի պարտադրել, որպեսզի ցույց կազմակերպեն և իրենք պայքարելու են այնքան, մինչև իրենց աշխատանքները կարգավորվեն:
Շարունակելով պատասխանել մեր հարցերին, «Սթար» ընկերությունը թերևս չի զլացել և հերքել է մեր այն դիտարկումը, որ մամուլում լուրեր են տարածվել, որ «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցը սննկացման եզրին է հայտնվել և տարբեր ընկերությունների հետ ունի ֆինանսական խնդիրներ:
«Առևտրային ցանցի սննկացման հարցն անընդունելի է կազմակերպության սեփականատերերի կողմից և քննարկման ենթակա չէ: ՍԹԱՐ-ը շարունակելու է իր գործունեությունը հայաստանյան մանրածախ առևտրի ոլորտում»,-ասված է պատասխան նամակում:
Հ. Գ. Փաստորեն, ստացվում է, որ «Սթար» ըւնկերությունը չի սննկացել, ինչպես իրենք են հայտնում, բայց միևնույն ժամանակ չի էլ կարողանում վճարել իր հետ համագործակցող ընկերությունների գումարները: Այստեղից մնում է եզրակացնել, որ հայաստանյան մանրածախ առևտրի ոլորտի երբեմնի ներկայացուցիչը գումար ունի, սակայն պարտքերը չի ցանկանում ժամանակին մարել:
Ելիզավետա Ասատրյան