«Հասցրու օգնել» բարեգործական ակցիան կազմակերպում է Biglemon կայքը, որը կանցկացվի հունիսի 16-30-ը: Հավաքված ամբողջ գումարը կտրամադրվի հիվանդ երեխաների բուժմանը: Այս ակցիայի շրջանակում յուրաքանչյուրս կարող ենք  օգնել երեխաներին, սկսած ընդհամենը 300 դրամից: 

Այսօր YerevanNews-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչները նշեցին, որ սա կոմերցիոն նախագիծ չէ: Այս ակցիան առաջնորդվում է բարեգործական հիմունքներով, որի նպատակն է ինչ-որ չափով նպաստել այս երեխաների ապագայի կերտմանը: Մասնավորապես YerevanNews-ի հետ զրույցում Biglemon-ի տնօրեն Օքսանա Լոբախինան ասաց.

«Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան փրկված երեխայի ժպիտը: Մենք փնտրում ենք բարի սրտեր, որպեսզի հասցնենք օգնել այս փոքրիկներին»:

«Այս ակցիայի շրջանակներում կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն և չեն ափսոսի տրամադրել իրենց գումարը, մեզ հետ միասին օգնել գումար հավաքել երեխաների թանկարժեք բուժման ծախսերը գոնե ինչ-որ չափով թեթևացնելու համար:
Այս պահին կյանքի և մահու կռիվ են տալիս 2 երեխա՝ Էրիկ Հայրապետյանը (10 տարեկան) և Վաղարշակ Հակոբյանը (7 տարեկան)»,- ասաց «ՔեզՀետ» հ/կ տնօրեն Վարդուհի Ադամյանը։ 

Էրիկ Հայրապետյանի մոտ առկա է գլխուղեղի վնասվածք և նա մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հիվանդությունը մեծապես խոչընդոտում է երեխայի բնականոն ապրելակերպին: Ըստ Առողջապահության նախարարության և Արաբկիր բժշկական համալիրի բժշիկների ներկայացրած փաստաթղթի՝ Հայաստանում բուժական պրոցես իրականացնել հնարավոր չէ, հիվանդության բուժումն ու վիրահատությունը պետք է իրականացվի արտերկրում։

Վաղարշակ Հակոբյանի մոտ առկա է զարգացման ընդհանուր պերվազիվ խանգարում՝ աուտիզմ: Երեխային հարկավոր է տարեկան նվազագույնը երեք անգամ մեկամսյա ժամանակահատվածով պարապմունք հոգեբանի և լոգոպեդի հետ: Երեխան չի խոսում:

Ստորև ներկայացնում ենք նաև «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի» կողմից տրված հիվանդության պատմությունը: