(Հատված)
Հայկական կողմը գոհունակություն հայտնեց ղարաբաղյան հակամարտության հանդեպ Ուրուգվայի հավասարակշռված, անկողմնակալ դիրքորոշման համար, արժևորեց Ուրուգվայի խորհրդարանականների Լեռնային Ղարաբաղ այցելելու փաստը, ինչպես նաև հօգուտ հակամարտության արդարացի լուծման Ուրուգվայի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները:
Ընդգծեցին նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերալ այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների անաչառ տեսակետ ունենալու անհրաժեշտությունը՝ կողմերի միջև երկխոսության և բանակցությունների միջոցով լուծմանը հասնելուն օժանդակելու համար:
Ընդգծեցին Հայաստանի նկատմամբ տնտեսական պարտադրման միակողմանի միջոցների, այդ թվում՝շրջափակումների, ճանապարհների արգելափակման, տնտեսական մեկուսացման անընդունելիությունն ու միջազգային իրավունքի նորմերի տեսանկյունից անօրինականությունը:
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ արեցին աշխարհի պետություններին և միջազգային կազմակերպություններին ճանաչել և դատապարտել հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ Օսմանյան կայսրությունում 1915թ. կատարված հանցագործությունը: Հայկական կողմը երախտագիտությամբ հիշատակեց, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչած և ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն սկսած երկիրն է, ինչպես նաև ողջունեց Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու Ուրուգվայի իշխանությունների որոշումը և այդ հարցում Նախագահ Խոսե Մուխիկայի անձնական ավանդը:
Խոր մտահոգություն հայտնեցին Սիրիայում շարունակվող բռնությունների կապակցությամբ, որոնց զոհ են դառնում հազարավոր անմեղ մարդիկ, և իրենց աջակցությունը հայտնեցին արաբական այդ երկրում խաղաղության և կայունության վերականգնմանը միտված միջազգային բոլոր ջանքերին: Կողմերը հատուկ կարևորեցին սիրիացի փախստականներին աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը. այս առումով հայկական կողմը բարձր գնահատեց Նախագահ Խոսե Մուխիկայի նախաձեռնությունը՝ Ուրուգվայում ընդունելու 120 սիրիացի քաղաքացիներին, հատկապես երեխաներին, որոնք պատսպարված են ՄԱԿ-ի ՓՀԳՀ գրասենյակի ճամբարներում
Բարձր գնահատեցին և ողջունեցին այն կարևոր դերը, որը երկկողմ հարաբերություններում խաղում է Ուրուգվայի հայ համայնքը և պատրաստակամություն հայտնեցին ամենայն աջակցություն ցուցաբերել հայ-ուրուգվայական կապերի ամրապնդմանն ուղղված նրա բոլոր նախաձեռնություններին:
Ստորագրված է Մոնտեվիդեոյում, 2014թ. հուլիսի 9-ին՝ երկու բնօրինակով՝ յուրաքանչյուրը հայերեն և իսպաներեն լեզուներով: