Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը տարածել է հայտարարություն Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ առաքելական եկեղեցու վրա հուլիսի 19-ին իրականացված հարձակման վերաբերյալ։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Սույնով, ջավախահայության անունից դատապարտում ենք 2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակումը:
Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի և դատապարտելի է, այլ նաև օրենքով պատժելի:
Արդ, Վրաստանում ազգային և կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով կոչ ենք ուղղում Վրաստանի իրավապահ և քաղաքական մարմիններին՝ անհապաղ բացահայտել, հրապարակել կրոնական և ազգային հողի վրա իրականացված հանցագործության կազմակերպողների և մասնակիցների ինքնությունը և օրենքի ամենայն խստությամբ նրանց ենթարկել պատասխանատվության:
Այս առիթով վերահաստատում ենք մեր քաղաքական կամքը՝ հնարավոր բոլոր դեպքերում և զարգացումներում, հետևողականորեն շարունակելու պայքարը ջավախահայության և Վրաստանի ամբողջ հայության արդար իրավունքների և անվտանգության պաշտպանության համար»: