Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված լիբերիացի բժիշկներից մեկը՝ Աբրահամ Բորբորը , ով երկրի մայրաքաղաք Մոնրովիայի հիվանդանոցներից մեկում ZMapp փորձարարական պատվաստանյութով բուժման կուրս էր անցնում, մահացել է: Այս մասին տեղեկությունը Լիբերիայի տեղեկատվության նախարար Լյուիս Բրաունն է տարածել, հաղորդում է Reuters գործակալությունը:


Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված 2 լիբերիացի և մեկ նիգերիացի բժիշկներ ZMapp փորձարարական պատվաստանյութով բուժման կուրս էին անցնում Մոնրովիայում: Մասնագետներն առաջին տեղացիներին էին, որոնց փորձարարական դեղամիջոցի օգնությամբ ապաքինվելու հնարավորություն էր առաջարկվել: Նախորդ շաբաթ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ երեք աֆրիկացիների առողջական վիճակի «նշանակալի բարելավում» է նկատվում:

Էբոլայի դեմ մշակված ZMapp փորձարարական պատվաստանյութը օգոստոսի առաջին օրերին է Միացյալ Նահանգներից Լիբերիա տեղափոխվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ, ներկայիս դրությամբ դեղամիջոցի առավելագույնը 10-12 սրվակ գոյություն ունի: