Այսօր` սեպտեմբերի 8-ին, ամբողջ աշխարհում նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները դրսևորում են իրենց համերաշխությունը և աշխարհին ցուցադրում իրենց միասնությունը:
Գաղտնիք չէ, որ զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծման կատարելությունը մեծապես կախված է բանակի, զինծառայության և զինծառայողների նկատմամբ հասարակության վերաբերմունքից: Այս տեսակետից հատկապես կարևոր է լրատվության միջոցների և լրագրողների աշխատանքը: Զինված ուժերի գործունեության, իրադարձությունների անաչառ լուսաբանման միջոցով լրագրողների բանակը նպաստում է ոչ միայն զինված ուժերի զարգացմանը, այլև մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:
Արցախյան շարժման առաջին իսկ օրերից բազմաթիվ լրագրողներ լծվեցին հայենիքի պաշտպանության գործին: Զինվորական լրագրողներից ոմանք նահատակվեցին այդ պայքարում: Հավերժ հիշատակ և փառք նրանց: Նրանց անունները ամենուր պետք է հնչեն հպարտությամբ:
Այսօր էլ մեր պաշտպանական համակարգի ստորաբաժանումներում իրենց ծառայությունն են կրում բազմաթիվ լրագրողներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալել հայաստանյան լրատվամիջոցների և լրագրողների հետ: Կազմակերպվել են բազմաթիվ լրագրողական այցելություններ սահմանային զորամասեր, ասուլիսներ, հանդիպումներ, վերապատրաստման դասընթացներ: Միշտ լինելով դեպքերի և իրադարձությունների կենտրոնում, մեր լրագրողներն իրենց մեծ կամ փոքր նյութերով և շեշտադրումներով ներկայացնում են ազգային բանակը, զինվորականի առօրյան, նպաստել են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:
Լրագրողները նաև յուրօրինակ կամուրջ են հասարակության և զինված ուժերի միջև: Եվ վստահ եմ, որ բոլորն են գիտակցում այդ առաքելության ողջ պատասխանատվությունը ու հուսով, որ մեր լրագրողները կշարունակեն պատվով կատարել իրենց առաքելությունը` հավատարիմ մնալով բարոյականության սկզբունքներին, հավասարակշիռ, կառուցողական և օբյեկտիվ հրապարակումներով անդրադառնով բանակաշինության խնդիրներին, զինված ուժերում ընթացող բարեփոխումներին:
Հուլիս-օգոստոսյան դեպքերը հերթական անգամ ապացուցեցին վտանգի պահին հայ հասարակության տարբեր շերտերի, նաև` լրագրողների համախմբվելու և Հայկական բանակին սատար կանգնելու կարողությունն ու պատրաստակամությունը` մոռանալով բոլոր տարաձայնություններն ու գաղափարական տարակարծությունները: Մարտական հենակետերում և մարտիկների հետ ունեցած նրանց զրույցներում ծնված հրապարակումներն առավել բարձրացրին հայ զինվորի մարտական ոգին: Ամենայն պատասխանատվությամբ կատարելով իրենց մասնագիտական պարտքը և մեկնելով սահմանամերձ բնակավայրեր ու մարտական հենակետեր, լրագրողները ներկայացրին սահմաններում տիրող իրական պատկերը, սահմանամերձ գյուղերի բնակչության ամենօրյա հերոսական կյանքը, Հայկական բանակի ստորաբաժանումների վտանգաշատ, բայց վստահ ծառայությունն ու աներեր կեցվածքը:
Լրագրողների բանակը նույնպես հաստատեց, որ հայրենիքի պաշտպանության և իրենց հրապարակումներով բանակին աջակցություն ցուցաբերելու առումով միասնական են, համախմբված և պատրաստ իրենց մասնագիտական հմտություններով ծառայել հայրենիքին: Ներկայացնելով մեր զինվորների ու սպաների մասին բազմաթիվ հրապարակումներ, լուսանկարներ, տեսանյութեր` լրագրողն աջակցում է հայրենիքի սահմանին կանգնած զինվորին, բարձրացնում է անձնակազմի մարտական ոգին և վերջապես` զինվորների ծնողները տեսնում են իրենց զավակներին ծառայության մեջ` հայրենանվեր գործ կատարելիս:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին` դժվարին այդ օրերին ծավալած ակտիվ գործունեության և ուժերի ներածին չափով բանակին սատարելու, միասնական ջանքերով պաշտպանության նախարարությանն աջակցելու համար: 
Շնորհավորում եմ բոլոր լրագրողներին և մաղթում համախմբվածություն, համերաշխություն, քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքում:
Թող ձեր գրիչը լինի արգասաբեր ու բեղուն` ի նպաստ մեր հայրենիքի ու զինված ուժերի առավել հզորացման:
ՀՀ Պաշտպանության նախարարություն



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					