Օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ինժեներասակրավորային աշխատանքներ կատարելիս, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան 4 զինծառայող, նրանք էին փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, կապիտան Վահագն Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանը և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանը: Փոխգնդապետի և լեյտենանտի ոտքերի ամպուտացիա է կատարվել, մյուս երկուսի վնասվածքները գնահատվում են համեմատաբար թեթև։ Հայրենիքի նվիրյալների և սահմանում տիրող իրավիճակի մասին YerevanNews.am-ը զրուցեց պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հետ:
- Պարոն Ջամալյան ինչպե՞ս տեղի ուենցավ դեպքը զինծառայողների հետ:
- Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում մեր տղերքը վնասվածքներ են ստացել՝ 4 զինծառայող: Նրանք մարդիկ են ովքեր ունեն լուրջ մարտական կենսագրություն, ովքեր պետք են մեր հայրենիքին, բանակային վաստակ ունեցող զինվորականներ են: Անձամբ նախարար Սեյրան Օհանյանն է իր ուշադրության կենտրոնում պահում տղաների ապաքինման հարցը: Նրանք շրջապատված են հոգատարությամբ: Այդ մասին խոսում է այն փաստը, որ նրանք ստենդավորվելու են այն մասնագետի կողմից, ով նույն հարցով օգնել է մեր պաշտպանության նախարարին դեռևս պատերազմի տարիներին, այսինքն` լավագույն մասնագետն է զբաղվելու տղերքի ապաքինման խնդրով: Գերմանական լավագույն պրոթեզները բոլոր 4 զինծառայողի համար արդեն պատվիրված են: Գերխնդիրը, որ դրել է նախարար Օհանյանը հոսպիտալի բժշկական անձնակազմի առջև հստակ է` տղաները պետք է ունակ լինեն լիարժեք կյանքով ապրել: Վստահ եմ, որ արդեն շուտով նրանք կկարողանան առանց ձեռնափայտի քայլել:
- Ինչպե՞ս է այժմ վիրավորների առողջական վիճակը:
- Այս պահին տղերքը ապաքինման փուլում են: Մեկն անգամ ժամանակավորապես դուրս գրվեց` մինչև պրոթեզավարման փուլը: Ամենակարևորն այն է, որ տղերքը հոգեպես չեն կոտրվել, բավականին բարձր տրամադրություն ունեն, և ասում են, որ պատրաստ են իրենց գործը շարունակել ավելի մեծ եռանդով: Երբ լսում ես տղերքին` հասկանում ես, որ իրենց այդ վճռականությունն անկեղծ է:
- Սահմանում տիրող իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք
- Օգոստոսյան հայտնի իրադարձություններից հետո հակառակորդը դեռևս ուշքի չի եկել: Այդ օրերին մեր դիրքապահներն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները հակառակորդին իսկապես հուժկու պատժիչ հարված հասցրեցին: Բացի այդ, շնորհիվ զգոնության` մի քանի դիվերսիաներ էլ կանխվեցին: Այժմ սահմանով մեկ հարաբերական անդորրը պահպանվում է: Նախկին լարվածությունը չկա: Սակայն զգոնությունը կորցնել չի կարելի:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս օրերին եղել են մեր վիրավոր տղերքի կողքին: Արշակ Զաքարյանին, նրա կազմակերպած ակցիային մասնակցած բոլոր մեր հայրենակիցներին: Ու թեև տղերքի կամքի ուժն իսկապես ֆենոմենալ է` այնուամենայնիվ նրանց համար շատ կարևոր է տեսնելը, որ մարդիկ իրենց գործը գնահատում են»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					