Օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ինժեներասակրավորային աշխատանքներ կատարելիս, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան 4 զինծառայող, նրանք էին փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, կապիտան Վահագն Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանը և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանը: Փոխգնդապետի և լեյտենանտի ոտքերի ամպուտացիա է կատարվել, մյուս երկուսի վնասվածքները գնահատվում են համեմատաբար թեթև։ Հայրենիքի նվիրյալների  և սահմանում տիրող իրավիճակի մասին YerevanNews.am-ը զրուցեց պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հետ:

- Պարոն Ջամալյան ինչպե՞ս տեղի ուենցավ դեպքը զինծառայողների հետ:

- Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում մեր տղերքը վնասվածքներ են ստացել՝ 4 զինծառայող: Նրանք մարդիկ են ովքեր ունեն լուրջ մարտական կենսագրություն, ովքեր պետք են մեր հայրենիքին, բանակային վաստակ ունեցող զինվորականներ են: Անձամբ նախարար Սեյրան Օհանյանն է իր ուշադրության կենտրոնում պահում տղաների ապաքինման հարցը: Նրանք շրջապատված են հոգատարությամբ: Այդ մասին խոսում է այն փաստը, որ նրանք ստենդավորվելու են այն մասնագետի կողմից, ով նույն հարցով օգնել է մեր պաշտպանության նախարարին դեռևս պատերազմի տարիներին, այսինքն` լավագույն մասնագետն է զբաղվելու տղերքի ապաքինման խնդրով: Գերմանական լավագույն պրոթեզները բոլոր 4 զինծառայողի համար արդեն պատվիրված են: Գերխնդիրը, որ դրել է նախարար Օհանյանը հոսպիտալի բժշկական անձնակազմի առջև հստակ է` տղաները պետք է ունակ լինեն լիարժեք կյանքով ապրել: Վստահ եմ, որ արդեն շուտով նրանք կկարողանան առանց ձեռնափայտի քայլել:

- Ինչպե՞ս է այժմ վիրավորների առողջական վիճակը:

- Այս պահին տղերքը ապաքինման փուլում են: Մեկն անգամ ժամանակավորապես դուրս գրվեց` մինչև պրոթեզավարման փուլը: Ամենակարևորն այն է, որ տղերքը հոգեպես չեն կոտրվել, բավականին բարձր տրամադրություն ունեն, և ասում են, որ պատրաստ են իրենց գործը շարունակել ավելի մեծ եռանդով: Երբ լսում ես տղերքին` հասկանում ես, որ իրենց այդ վճռականությունն անկեղծ է:

- Սահմանում տիրող իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք

- Օգոստոսյան հայտնի իրադարձություններից հետո հակառակորդը դեռևս ուշքի չի եկել: Այդ օրերին մեր դիրքապահներն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները հակառակորդին իսկապես հուժկու պատժիչ հարված հասցրեցին: Բացի այդ, շնորհիվ զգոնության` մի քանի դիվերսիաներ էլ կանխվեցին: Այժմ սահմանով մեկ հարաբերական անդորրը պահպանվում է: Նախկին լարվածությունը չկա: Սակայն զգոնությունը կորցնել չի կարելի:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս օրերին եղել են մեր վիրավոր տղերքի կողքին: Արշակ Զաքարյանին, նրա կազմակերպած ակցիային մասնակցած բոլոր մեր հայրենակիցներին: Ու թեև տղերքի կամքի ուժն իսկապես ֆենոմենալ է` այնուամենայնիվ նրանց համար շատ կարևոր է տեսնելը, որ մարդիկ իրենց գործը գնահատում են»: