7 Տարեկան Մարին տառապում է գլխուղեղային կաթվածով: Մանկիկը անգամ չի կարողանում ինքնուրույն նստել: Մարիին և այլ փոքրիկներին վիրահատելու համար «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր բարեգործական համերգ «Ջամբո էկզոտիկ պարկ ռեստորանում» Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Բարեգործական համերգի արդյունքները ամփոփելու համար YerevanNews.am-ը զրուցեց Մարիի մայրիկ՝ Արտաշյան Փիրուզայի հետ:
- Կպատմե՞ք մանրամասներ Ձեր մանկիկի հիվանդության մասին:
- Մանկական ուղեղային կաթված ունի իմ բալիկը: Ամենածանր վիճակում է հիմա գտնվում: Արդեն 7 տարի է ինչ այստեղ բուժվում է իմ երեխան ու ոչ մի փոփոխություն և արդյուք դեռ չի նկատվել:
- Որևէ կազմակերպություն կամ անհատ ինչ-որ կերպ աջակցե՞լ է Ձեզ այս տարիների ընթացքում:
- Մեզ աջակցել է միայն «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը: Տարել ենք փոքրիկին լողի, ձիավարժությունների, սակայն, արդյունքները այնքան էլ չեն գոհացրել: Այս վիրահատությունից հետո, որը պետք է իրականացնենք, հույս ունենք, որ երեխան գոնե կսկսի ինքնուրույն նստել:
- Իսկ ե՞րբ պետք է վիրահատվի երեխան և որտե՞ղ:
- Հիմա մենք զբաղված ենք անալիզներ հանձնելով: Պատասխաններն իմանալուց հետո կորոշվի, թե երբ են վիրահատելու Մարիին, որ գնանք Նովոսիբիրսկ քաղաք: Ինձ թվում է մյուս շաբաթ կգնանք արդեն:
- Վիրահատության արժեքը գիտեք: Որքա՞ն պետք է վճարվի վիրահատության համար:
- Վիրահատության արժեքն է 30 հազար ռուբլի: Սակայն, դա կախված է երեխայի վիճակից: Պետք է նշեմ նաև, որ վիրահատության գումարը արդեն իսկ փոխանցվել է և մենք այժմ միայն սպասում ենք անալիզի արդյունքներին:
- Ինչպիսի՞ արդյունք եք ակնկալում վիրահատությունից հետո:
- Երեխան ունի անկանոն շարժումներ, մկանային լարվածություն ու սաստիկ ցավեր այդ լարվածությունից առաջացած: Մենք հույս ունենք, որ գոնե կդադարեն այդ ցավերը, անկանոն շարժումները, և Մարին կսկսի նստել և ձեռքերը շարժել:
- Իսկ մինչ նոր կյանքին անցնելը ինչո՞վ էր զբաղվում Մարին: Նրա առօրյայից կպատմե՞ք մի փոքր:
- Մարին արդեն երկրորդ դասարան է: Ճիշտ է, նա չի կարողանում տեղաշարժվել, բայց մտավոր ոչ մի խնդիր չունի: Հաճախում է Նորք Մարաշի դպրոցներից մեկը: Սովորական դպրոց է: Մարին այնտեղ և սովորում է, և շփվում հասակակիցների հետ: Շատ շփվող երեխա է: Ավելացնեմ, որ ես անչափ շնորհակալ եմ, որ այսպիսի օգնություն ու աջակցություն ցուցաբերեցիք իմ ու մանկիկիս հանդեպ: Հայ մայրերը պետք է հավատան, որ բարեգործություն իրոք կա, արվում է: Վառ օրինակ «Ջամբո ռեստորանում» կատարված բարեգործական համերգը, «Հայ մայրեր» կազմակերպությունը, որոնց շնորհիվ իմ աղջիկը կվիրահատվի: Շնորհակալություն բոլորին: Անասելի երջանկություն է դա թե՛ իմ, թե՛ Մարիի համար: