«Մենք ականատես եղանք իշխանության ամենաբարձր մակարդակով հերթական պատվիրված դատավարությանը: Շանթ Հարությունյանը դատապարտվեց իշխանությունների դեմ ըմբոստանալու և իր գաղափարներին հավատարիմ մնալու համար»,- այս մասին Yerevannews-ի հետ զրույցում ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ ականատեսը եղանք խիստ պատիժների Շանթի և ընկերների գործով, այն դեպքում երբ Սյունիքի մարզպետի տան մոտ կատարվածի, ոսկու շուկայի տնօրենի լկտի պահվածքի համար մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվում:
Ժ. Ալեքսանյանը անդրադառնալով հատկապես անչափահաս Շահեն Հարությունյանի պայմանական 4 տարի ազատազրկմանը, նշեց, որ անչափահասին դատապարտել չորս տարվա, թեկուզ պայմանական ազատազրկման, անընդունելի է և անբարո:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ կատարվածը իր մեջ մի քանի հաղորդագրություն է պարունակում, ուղղված Հայաստանի բոլոր քաղաքացիներին:
«Սա վճիռ էր ոչ միայն Շանթի դեմ, այլ ՀՀ բոլոր քաղաքացիների: Սա նշանակում է այն, որ ով փորձի ընդվզել ապօրինի որոշումների դեմ, կազատազրկվի»,- նշեց իրավապաշտպանը, դատական այս ամբողջ պրոցեսը որակելով որպես ֆեոդալական դատական պրոցես: «Ամեն դեպքում չեմ կարծում, որ Ս. Սարգսյանի շրջապատը գոհ է այն հանգամանքից, որ անչափահաս երեխային ոչ միայն մեղադրում են, այլև ազատազրկում»,- ասաց Ա. Սաքունցը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էրանչափահաս Շահեն Հարությունյանի, Շանթ Հարությունյանի նրա և նրա ընկերների գործով դատը, որի արդյունքում էլ հրապարակվեց քրեական գործերով դատավճիռը:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը դատապարտվեց 6 տարի ազատազրկման, իսկ նրա որդի Շահենը՝ պայմանական 4 տարի ժամկետով: Շանթի գործով մյուս մեղադրյալները արժանացան առավել խիստ պատիժների՝ Վահե Մկրտչյանը՝ 7, Ալբերտ Մարգարյանը՝ 6, Սևակ Մնացականյանը՝ 5.5, պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Ավետիս Ավետիսյանը՝ 5-ական տարվա ազատազրկման:
Նշենք, որ պաշտպանները արդեն հայտարարել են, որ դատավճիռը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։