Եթե դեկտեմբերի 22-ն Արցախի պետականաշինության օրացույցում առանձնահատուկ օր է, ապա դրան տոնական բնույթ է հաղորդում 2014 թվականը, քանի որ 2014թ. դեկտեմբերի 22-ին լրանում է ԼՂՀ-ում Նախագահի ինստիտուտ հիմնելու 20-ամյակը: Կառավարման մոդելի հարցն օրակարգային է եղել դեռևս պետության հռչակման առաջին իսկ ամիսներին, որն ունի հետևյալ նախապատմությունը: Այսպես, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին» ԼՂՀ օրենքի 1-ին հոդվածում ամրագրված է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունն արտահայտվում է իր ամբողջ տարածքում օրենսդիր, գործադիր և դատական բարձրագույն իշխանության ինքնուրույն իրականացման ձևով` ի շահ հանրապետությունում ապրող բոլոր ազգերի»: Իսկ նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդն է, իսկ նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջաններում` Գերագույն խորհրդի նախագահությունը»: Այստեղից տրամաբանորեն հետևում է, որ հիշյալ օրենքի ընդունումից հետո ԼՂՀ-ն որդեգրել էր կառավարման խորհրդարանական մոդելը:

Կարծում ենք, որ այս մոդելի ընտրությունը պատահական չէր. այն պայմանավորում ենք նրանով, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ժամանակահատվածում պետության համար կարևոր որոշումների կայացումը պետք է լիներ ոչ թե մեկ անհատի, այլ ժողովրդի ընտրյալների հավաքական կամքի արտահայտություն, որպիսի մոդելն էլ լիովին արդարացրեց իրեն Արցախյան գոյապայքարի ժամանակահատվածում:
ԼՂՀ Գերագույն խորհրդի թիվ 0105-1 առ 21.12.1994թ. որոշմամբ ԼՂՀ-ում մտցվել է կառավարման նախագահական ինստիտուտ և նույն օրն էլ ընդունվել «ԼՂՀ Նախագահի մասին» ԼՂՀ օրենքը: Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը ընտրվում է Գերագույն խորհրդի ընտրված պատգամավորների թվակազմի ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ 2 տարի ժամկետով»: Ժողովրդավարական պետության կառուցման սաղմերը դրված են եղել նաև նույն հոդվածի 2-րդ մասում, ըստ որի՝ «ԼՂՀ Նախագահի հաջորդ ընտրությունները կիրականացվեն ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով»:

ԼՂՀ Գերագույն խորհրդի 1994թ. դեկտեմբերի 22-ի թիվ 0111-1 որոշմամբ ԼՂՀ առաջին Նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը՝ 2 տարի ժամկետով, իսկ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԼՂՀ առաջին Նախագահի երդմնակալության արարողությունը: Եթե ժամանակագրորեն ներկայացնելու լինենք հաջորդ Նախագահների ընտրվելու ու պաշտոնավարելու ժամանակաշրջանները, ապա կստանանք հետևյալ պատկերը. 1996թ. նոյեմբերի 24-ին ԼՂՀ Նախագահի առաջին համաժողովրդական ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու կապակցությամբ 1997թ. սեպտեմբերի 1-ին ԼՂՀ-ում տեղի են ունեցել Նախագահի արտահերթ ընտրություններ. պետության Նախագահ է ընտրվել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը, վերընտրվել` 2002թ. օգոստոսի 11-ին: 2007թ. հուլիսի 19-ին կայացած համաժողովրդական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ ԼՂՀ 3-րդ Նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը, վերընտրվել` 2012թ. հուլիսի 19-ին:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ ԼՂՀ-ում Նախագահի պաշտոնն առանցքային է, ինչը հիմնականում պայմանավորված է պետության կենսագործունեության տարբեր ոլորտներում ունեցած ակտիվ դերակատարությամբ, որի հիմքը ԼՂՀ Սահմանադրությամբ վերապահված լիազորություններն են: Անցած 20 տարիների վերլուծությունը համոզիչ կերպով վկայում է, որ ուժեղ Նախագահի ինստիտուտի առկայությամբ է հնարավոր եղել դիմագրավել ինչպես արտաքին մարտահավերներին, որը դրսևորվում է բացառապես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մյուս կողմի ապակառուցողական դիրքորոշմամբ, այնպես էլ ներքին, որոնք կապված են սոցիալ-տնտեսական բնույթի հիմնախնդիրների հետ:

ԼՂՀ Սահմանադրության 61 հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, ըստ որի՝ «Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը», լավագույնս է ներկայացնում Նախագահի ինստիտուտի դերն ու նշանակությունը պետական իշխանության համակարգում և կրկին համոզում այն անառարկելի ճշմարտության մեջ, որ ուժեղ Նախագահի ինստիտուտով երկիրը կարող է հասնել այնպիսի պետության կառուցմանը, որը խարսխված է իրավունքի գերակայության վրա և որտեղ վաղուց հարգվում ու կիրառվում են համամարդկային համարվող արժեքները: Իսկ ԼՂՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված պետության կառուցման գործում մեծ է Արցախի ընտրողների կամքի արտահայտությունը, որոնք արդեն որերորդ անգամ, մասնակցելով համապետական ընտրություններին, ընտրում են երկրի առաջնորդին՝ համոզված լինելով, որ իրենց ապրելու և աշխատելու միջավայրն ավելի կբարելավվի, ինչի արդյունքն ակնհայտ է թե՛ պետության բնակիչների, թե՛ Արցախ այցելող ամեն մի հայի ու արտասահմանցու համար:

Շնորհավորելով արցախցիներին այս օրվա առթիվ՝ ցանկանանք, որ նրանք հետայսու ևս կատարեն իրենց ճիշտ ընտրությունը և Նախագահի հետ միասին երկիրը տանեն դեպի բարգավաճում և միջազգային ճանաչում:

 

ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս՝ Ավետիք Հարությունյան