«Վիցեմիսս Եվրոպա 2005» տիտղոսի դափնեկիր գեղեցկուհի և դերասանուհի Լուսինե Թովմասյանը Yerevannews.am-ի հետ կիսվեց իր ուրախությամբ, որի առիթն ամանորյա իր «մեծ նվերն է»:
Այս Նոր Տարին ինձ համար կրկնակի տոն է, քանի որ բալիկս լույս աշխարհ է գալու: Այդ իսկ պատճառով տոները դիմավորելու ենք Հայաստանում:
Հարցին, թե երբևէ Ձյունանուշ եղե՞լ եք, Լուսինեն մտաբերեց իր դպրոցական տարիները, երբ ամանորյա հանդեսների ժամանակ բազմիցս եղել է Ձմեռ Պապի գեղեցկուհի թոռնուհու կարգավիճակում: Իսկ Ձմեռ Պապի գոյության հավատու՞մ եք, թե՞ ոչ հարցին հետևյալ պատասխանը տվեց.
Իհարկե, հասկանում եմ, որ այդ ամենը պարզապես գեղեցիկ հեքիաթ է, բայց նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք հոգու խորքում հավատում է, որ ինչ-որ մեկը կա շատ հեռվում, ով կարող է կատարել իր երազանքները: Իսկ մանուկ հասակում, երբ շատ պատահական արթնացա ամանորի գիշերը, նկատեցի, որ մայրիկս է նվերս դնում բարձիս տակ: Այդ պահին էլ բացահայտեցի Ձմեռ Պապիկի չլինելու փաստը:
Լուսինե Թովմասյանը նաև աշխարհի բոլոր բալիկներին առողջություն մաղթեց, ցանկացավ, որ խաղաղ երկնքի տակ ապրեն, և կատարվեն բոլորի բարի երազանքները:
Yerevannews.am-ն անշուշտ միանում է Լուսինե Թովմասյանի տոնական բարեմաղթանքներին և շուտով լույս աշխարհ եկող նրա փոքրիկին ցանկանում երջանիկ և առողջ մանկություն: