Ժողովրդի խնդիրներով, ժողովրդի կողքին ապրող, մշտապես սրտացավ և նույն այդ ժողովրդի կողմից իսկապես անչափ գնահատված և սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը սիրով զրուցեց Yerevannews.am (Երևան Նյուզ)- ի հետ և կիսվեց իր ամանորյա լավատեսական բարեմաղթանքներով:
Վերջին տարիներին մարդկանց մոտ գուցե կա ամանորյա ոգևորություն, բայց շատերի մոտ դա միայն արտաքին բնույթ է կրում: Ներքին ոգևորությունը բացակայում է, քանի որ մարդիկ հուսահատված ու տխուր են:
Լալա Մնացականյանը խոստովանեց, որ ուզում է հավատալ «Ձմեռ պապիկ» երևույթի գոյությանը:
Ձմեռ պապիկը միակ խաբկանքն է, որին շարունակում եմ հավատալ: Ձմեռ պապիկն ավելի շատ երազանքների և ցանկությունների մարմնացում է, քան պարզապես կարմիր քթով և սպիտակ մորուքով բարի պապիկ:
Իրատեսական լինելով հանդերձ` սիրված դերասանուհին, այդուհանդերձ, լավատեսական տարր պարունակող բարեմաղթանքներ հղեց հայ հասարակությանը:
Հուսախաբ և հիասթափված ապրելը շատ դժվար է: Եվ ես շատ կցանկանամ, որ այն լավատեսությունը, այն ավյունը և այն ոգևորվածությունը, որ մարդիկ ունեին իրենց վաղվա օրվա հանդեպ, վերականգնվեր: Մաղթում եմ, որ հայ մարդը հավատա ներքին երջանկությանը և չկորցնի երբեմնի ոգևորվածությունը:
Yerevannews.am-ն անշուշտ միանում է Լալա Մնացականյանի մտահոգ ու սրտացավ մաղթանքներին, իսկ իրեն անհատապես մաղթում, որ նորանոր դերերով ավելի շատ հանդես գա և ուրախություն պատճառի իրեն իսկապես սիրող և կարոտով սպասող մեր հասարակությանը: