Մաշտոց Եղիվարդեցին սրբակյաց վարդապետը 897թ.-ին Գևորգ Բ Գառնեցի (877-897թթ.) հայրապետի մահից հետո բազմել է Հայոց հայրապետական գահին որպես Մաշտոց Ա կաթողիկոս (897-898թթ.) ընդամենը 7 ամսվա տևողությամբ:
Ծնվել է 833–34 թթ.-ին Սյունյաց աշխարհի Սոթք գավառի Սոթք գյուղում(այլ աղբյուրների համաձայն Եղվարդ գյուղում): Մահացել է 898–ի հունվարին Գառնիում, աճյունն ամփոփվել է
Գառնի տաճարից ոչ հեռու` Խոսրովադուխտի հովանոցի հարևանությամբ գտնվող մատուռում, որտեղ հետագայում կառուցվել է 12-րդ դարում «վայելուչ եկեղեցի» կոչվող Սուրբ Սիոնը (վերջինիս ավերակները և ետնապատերը գտնվում են ներկայիս Գառնիի
հեթանոսական տաճարի հարևանությամբ):
Նախնական ուսումնառությունն ստացել է հոր` Եղիվարդ գյուղի քահանա տեր Գրիգորի (ով լինելով նվիրյալ քահանա և ուսյալ անձնավորություն Սուրբ Թադևոս մենաստանի հոգևորականներից էր և տեղափոխվել է հարկադրաբար Եղվարդից քոչվոր հրոսակ ցեղերի ավերածություններից խուսափելու համար և հաստատվել էր ընտանիքով Սոթքում և այնտեղ ամուսնացել:), ապա` Թեոդորոս կրոնավորի մոտ: Սովորել է նաև Գեղարքունիքի Մաքենյաց կամ Մաքենացվոց վանքի դպրոցում` աշակերտելով րաբունապետ Ստեփանոս վարդապետին, հմտանալով աստվածաբանության և Ս. Գրոց մեկնաբանության մեջ: Որպես կուսակրոն քահանա իր քահանայական ձեռնադրությունն ու օծումը ստացել է Սյունյաց Դավիթ եպիսկոպոսից: Եղել է անապատական, ճգնել Արտավազդի կամ «Արտավազդի ապարանք» (Ծաղկաձոր) կոչված մենաստանում, ապա Սևանա կղզու խստակրոն անապատներում:
862թ. Մաշտոց վարդապետը իր սիրելի աշակերտների` Հովհաննես Դրասխանակերտցի նշանավոր պատմիչ վարդապետի (ապագա Ամենայն հայոց կաթողիկոս 898-929թթ.) և Ստեփանոս վարդապետի (ապագա Ամենայն հայոց կաթողիկոս` Ստեփանոս Գ Սևանցի 969-972թթ.) գալիս է Գեղամա ծովակի հանդիպակաց լեռներում ճգնելու, որը հետագայում իր անվամբ կոչվում է Մաշտոցներ: Մի սառնորակ աղբյուրի մոտ կառուցում է Մաշտոց վարդապետը ժայռափոր ճգնարան ու այնտեղ մեկ տարի ապրում է աղոթալից և սրբակենցաղ վարքով: Մաշտոց կաթողիկոսի կառուցած ճգնարանը դարերի ընթացքում ավերվել և դարձյալ վերանորոգվել է: Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս վայրում բխող ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ տեսակ հիվանդությունների բժշկություն: Ճգնարանը գտնվում է Սևանի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2,5-3 կմ հեռավորության վրա որտեղ գեղատեսիլ անտառապատ լեռան լանջին Սևանա լճի համայնապատկերի շուրջ, որը տեղացիները կոչում են «Մաշտոցներ»: Համաձայն ունեցած տեղեկությունների սկզբում Մաշտոց վարդապետն իր աշակերտների հետ հանգրվանում է «Փոքր Մաշտոցներ» կոչվող վայրում, որտեղից մի փոքր հեռավորության վրա գտնվող նոր ժայռափոր ճգնարան է կառուցում և տեղափոխվում այնտեղ ճգնության: Այստեղ Մաշտոց վարդապետը շարունակում է վերակազմել և խմբագրել Հայ եկեղեցու ծիսարանը` համեմված ծիսական ընթերցվածներով և հոգեբուխ աղոթքներով, որը իր պատվին հետագայում կոչվեց Ծիսարան կամ Մաշտոց: Մաշտոց վարդապետի աշակերտ Ստեփանոս կրոնավորը կամ Գրիչը 893թ-ին գրի է առնում իր հանճարեղ ուսուցչի կենսագրականը, ուր ներկայացված են Մաշտոցի 33 տարվա անապատական և 22 տարվա առաջնորդական սրբակյաց կյանքը:
Մաշտոց Եղիվարդեցու կառուցած ճգնարան-մատուռը որպես աղոթատեղի այսօր ևս գոյություն ունի: ՈՒշագրավ է, որ Մաշտոց Եղիվարդեցու ճգնարան մատռան ներքնահատակի հատվածքում հայտնաբերվել են 7 դար թվագրվող գեղեցիկ 2 խաչքարեր` ամբողջությամբ պահպանված, որոնք տեղադրվել են մատռան խորանին: 1983-1987թթ. Ռաֆիկ և Անատոլյա Գրիգորի Հարությունյան (1923-1993թթ. Այնթափ, Արարատի մարզ) բարեպաշտ անձինք վերակառուցել են ճգնարան-մատուռը, որը ներկայումս այլ տեսք է ստացել: Տարիների ընթացքում բարեկարգվել է և բարեզարդվել է Մաշտոց վարդապետի կառուցած սրբավայրը:
1997թ. Վազգեն և Նաիրի Պողոսյանների կողմից մատռան գմբեթին տեղադրվել են խաչեր:
Խաչերի օծումը կատարվել է ձեռամբ Գեղարքունյաց այդ ժամանակվա թեմի առաջնորդ Տ. Անանիա եպս. Արաբաջյանի: 1987թ-ին (քանդակագործ Հրաչ Կարապետյան) և 2014թ. հոկտեմբերի 5-ին ( ծնունդով երևանցիներ Արամ Խաչատրյանի, Էմիլ Բզնունու, Նորայր Բայունցի, Վահան Հակոբյանի և Պետրոս Հակոբջանյանի կողմից) այստեղ կառուցվել են 2 խաչքարեր, ուր նշվում են, որ այդտեղ 862թ.-ին ճգնել է սրբակյաց Մաշտոց վարդապետը: Պատմում են, որ աղոթալից կյանքով ապրող վարդապետը հայցել է Բարձյալից, որ այստեղից բխող սառնորակ աղբյուրը դառնա մարդկանց հոգևոր և մարմնավոր ախտերից մաքրման միջոց:
Իսկապես այստեղից բխող հրաշագործ ջուրը ունի բուժող և ապաքինող նշանակություն, քանզի ամեն տարի դեպի Մաշտոցներ տանող ուխտավորներին այս հրաշագործ և սուրբ ջուրը դառնում է ի հոգևորս բժշկության առաջնորդող միակ սպեղանին: 2014թ-ից նորովի հոգևոր կյանքով է ապրում «Մաշտոցների»` Մաշտոց Եղիվարդեցու մատուռ-ճգնարանը, որտեղ Գեղարքունյաց թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանի օրհնությամբ Սևանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Մեսրոպ քհն. Երիցյանը, պարբերաբար կազմակերպում է ծիսական արարողություններ, ժամերգություններ և հանդիպումներ հավատավոր ուխտավորների հետ:
863 թ.-ից սրբակյաց Մաշտոց վարդապետը տեղափոխվում է Սևանի խստակրոն անապատ և այտտեղ շարունակում իր աղոթական, բովանդակալից գործունեությունը Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կնոջ` Մարիամ Բագրատունու նյութական օժանդակությամբ Սևանա կղզում կառուցել է Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները (871–874): Ս. Առաքելոց վանքում հիմնադրել է միաբանություն և ստեղծել ուսումնագիտական կենտրոն, որտեղ դասավանդել է տարբեր առարկաներ: Բացի աստվածաբանական առարկաներից, այստեղ դասավանդվել են նաև քերականություն, ճարտասանություն, իմաստասիրություն և այլն:
Դպրոցն ունեցել է նաև վարդապետական աստիճան շնորհելու իրավունք: Շուտով դպրոցի համբավը տարածվել է Հայաստանով մեկ և տարբեր վայրերից այստեղ ուսանելու են եկել հարյուրավոր ուսումնատենչ պատանիներ: Վանական հաստատությունն ու դպրոցը նյութապես ապահովելու նպատակով Աշոտ I թագավորը վանքին նվիրել է հինգ գյուղ և այգիներ` Երևանում ու Գառնիում: Այստեղ Մաշտոց Եղիվարդեցուն աշակերտել են Հովհաննես Դրասխանակերտցին (ապագա Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Ե) և Ստեփանոս Սևանցին (ապագա Ամենայն Հայոց կաթողիկոս Ստեփանոս Գ):
Մաշտոց Եղիվարդեցին եղել է մեծ համբավ և հռչակ ունեցող աստվածաբան, սրբակենցաղ հոգևորական, համեստ և առաքինի անձնավորություն: Դա է պատճառը, որ Գևորգ Բ Գառնեցու մահից հետո 897–ի հունիսի 18–ին ընտրվել է Հայոց կաթողիկոս: Ընտրությանը հավանություն է տվել և նպաստել Հայոց թագավոր Սմբատ l–ը` (890-914թթ.) Ինչպես նշում է Հովհաննես Դրասխանակերտցի պատմիչը` (ենթադրվում է որ Մաշտոց Եղիվարդեցին եղել է վերջինիս մորեղբայրը կամ հորեղբայրը) - «Հաճեալ հաւանեալ թագաւորն եւ գահամեծար իշխանքն եւ պատուական արք ազատք... կացուցին (զՄաշտոց) յաթոռ Ս. Լուսաւորչին»:
Սրբակյաց հայրապետը, ինչպես նշվեց գահակալել է շատ կարճ, ընդամենը յոթ ամիս: Սակայն հասցրել է բարեկարգել հոգևոր կյանքը, ինչպես գրում է ժամանակակիցը` «շինէր, հաստատէր եւ հարդարէր»: Դեռևս Սևանի անապատում սկսել էր մի գրքի մեջ ամփոփել Հայոց եկեղեցու ծիսական կարգի կանոնները, այսինքն կարգավորել և խմբագրել է հայոց նախորդ հայրապետների (Գրիգոր Ա Լուսավորչից սկսած) հայրապետների կողմից սկսած տարբեր ժամանակներում Հայոց եկեղեցու ծիսական համակարգ ներմուծված կանոնները` ամփոփելով ինչպես նշեցինք մեկ ժողովածուի մեջ, որն իր անունով հայտնի է «Մաշտոց ծիսարան» վերտառությամբ: Գրել է նաև զանազան թղթեր (օրինակ` սպարապետ Աբաս Բագրատունուն ուղղված Թուղթը), որոնց մասին վկայում է իր ազգական և հաջորդ Հովհաննես Ե Դրասխանակերտցին:
Եղվարդեցի
Մաշտոցը ճգնության տարիների ընթացքում, Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ, երազում հրաման է ստանում եկեղեցի կառուցել 12 առաքյալների անունով և միաբանություն հաստատել: Համաձայն տեսիլքի, իր մոտ են գալիս Տիրոջ 12 առաքյալները և նշանակում կառուցվելիք եկեղեցիների տեղը: Նույն երազը տեսնում է նաև Աշոտ Ա թագավորի դուստրը և Սյունյաց Գաբուռն Վասակ իշխանի կին Մարիամը, որը ամուսնու վախճանումից հետո անցնում է Ցամաքաբերդի կուսանոցը «տուեալ զանձն ի ճգնութիւնս եւ ի պահեցողութիւնս»: Հնագուցյալ ամուսնու կտակի համաձայն, Մարիամը պետք է կառուցեր 40 եկեղեցի, դրանցից 2-ը ցանկանում է կառուցել Սևանա կղզում: Մաշտոց վարդապետը հորդորում է Մարիամին միջոցներ տրամադրել` կղզում վանական համալիր կառուցելու: Այսպիսով, 871-ին Մարիամ իշխանուհու հովանավորությամբ և Մաշտոց Եղիվարդեցու ջանքերով Սևան կղզում կառուցվում են Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիները, որով և հիմք է դրվում Սբ. Առաքելոց միաբանության: Իսկ քանի որ ըստ Գրիգոր Լուսավորչի հաստատած կանոնի` այստեղ կանանց մուտքն արգելված էր, Մարիամը Առաքելոց տաճարին կից կառուցել է տալիս առանձին խուց:
Ստ. Օրբելյանը գրում է «Դա 871 թվականն էր, երբ Սյունյաց իշխանուհի Մարիամը եկավ Սևանա կղզի` «առ Սբ. Մաշտոց», և իր միջոցներով կառուցեց «Զգեղապաճոյճն եկեղեցիսն յանուն Սբ. Առաքելոց և զմիւսն յանուն տիրուհւոյ Աստուածածնի»:
Երանելի Մաշտոցն իր սրբությամբ և կրոնասիրությամբ մեծ համբավ է վայելում: Նրա հռչակը նույնիսկ այն աստիճանի է հասնում, որ բազմաթիվ կրոնավորներ են այցելում իրեն`ցանկություն հայտնելով ճգնելու այդ անապատում:
Նաև լինելով ժամանակի առաջադեմ հոգևորականներից`Մաշտոցը բարեկարգել է տալիս սրբավայրը: Երանելի Հայրապետն էր, որ Սևանի մենաստանը դարձրեց դպրության և գրչության, աստվածաբանական և փիլիսոփայական գիտությունների կենտրոններից մեկը, ուր ժողովում է նաև մեծ թվով ձեռագիր մատյաններ:
Կեսարիայի եպիսկոպոս Ներսես Մեծի բարեկամ և ժամանակակից Սուրբ Բարսեղի կանոններով 871-ին հաստատվում են Սևանի վանական անապատական կյանքի կանոնները: Եղիվարդեցու վանահայրության օրոք հիմնվում է առաջնորդարան և վարժարան: Ստեղծելով այս վարժարանը Մաշտոց Եղիվարդեցին չէր կարող չունենալ նաև ձեռնասուն և հետևող աշակերտներ: Նրանցից էին Սյունյաց իշխաններից Գևորգը, Երիցու վանքի ճգնավոր Էգոնոմոսը, Թեոդորոս քահանայի աշակերտը, որն իր ուսումը շարունակելու և կատարելագործելու նպատակով գալիս է Սևանա վանք և աշակերտում Մաշտոցին: Սևանա դպրեվանքի աշակերտներից աչքի է ընկնում նաև Հովհաննես Դրասխանակերտցի ապագա կաթողիկոսը, որն ազգակցական կապեր է ունեցել Եղիվարդեցու հետ: Առանձնացել են Ստեփանոս Սևանցի վարդապետը և նրա վարքագիր Ստեփանոս Կրոնավորը ու շատ-շատերը, ովքեր նպաստեցին մենաստանի բարգավաճմանն ու վերելքին:
Աշոտ Ա թագավորը 883-ին Վրաց աշխարհից վերադառնալիս գալիս է Սևան Քառաթափ-Ճապոտիկով և անապատին շնորհում շրջակա գյուղերը, ինչպես նաև` Կենաց Փայտի Աստվածընկալ Փրկական Սուրբ Նշանը:
Սևանի մենաստանը մշակութային ծաղկում էր ապրում Բագրատունյաց թագավորության օրոք: Ինչպես Հայաստանի մյուս վանքերում, այստեղ նույնպես Մաշտոց վարդապետ Եղիվարդեցու ջանքերով ծաղկել ու ստեղծել են լուսավոր գործեր, ոչ միայն եկեղեցական, այլև «գիտութեանց, արուեստաց, պատմութեանց: Ծանր է եղել Սևանի անապատի միաբանների կյանքը: Նրանք զրկված էին աշխարհիկ վայելքներից, ապրում էին ճգնավորական կյանքով`անմնացորդ նվիրված հավատքին և ժողովրդին:
Օր օրի տարածվում էր Մաշտոց վանահոր հեղինակությունը: Աշոտ Ա թագավորի եղբայր Աբաս սպարապետը, թշնամանքով լցվելով Գևորգ կաթողիկոսի դեմ, փորձում է դաշնակցել Մաշտոց վարդապետի հետ` փոխարենը նրան փոստանալով կաթողիկոսական գահը: ՄԻ պատասախան սպարապետի չարամտության` վանահայրը սաստիկ հանդիմանությամբ «գրեաց թուղթ մեղադրանաց առ Աբաս եղբայրն Աշոտոյ յետս կամ ի գրգռութենէ…»: Գևորգ
կաթողիկոսի մահից հետո հայրապետական գահը ժառանգում է Մաշտոց Եղիվարդեցին, «Որ աստուածային ծաւալմամբ և հոգիախաղաց զօրութեամբ գրգեալ զհոգւոյն շարժմունս իբրև պարարտ անդաստան բուսուցանէր զհոգեծաղիկ անուշահոտութիւնս…»: Սակայն դժբախտաբար, Եղիվարդեցի հայրապետը չկարողացավ երկար ժամանակ հովվել և առաջնորդել իրեն վստահված հոտը: Յոթ ամիս կաթողիկոսությունը վարելուց հետո «արտաքոյ բոլոր վշտակիր հեծութեան հանդեաւ ի Քրիստոս»: Մեզ է հասել Մաշտոց Եղիվարդեցու գրած 2 թուղթ` ուղղված սպարապետ Աբասին, մյուսը մխիթարական թուղթ 893/4 թ. Դվինի երկրաշարժի արհավիրքներից տուժածներին: Սրբակյաց հոգևորականը թաղվել և ամփոփվել է Գառնիի հեթանոսական տաճարի ներկայիս տարածքում գտնվող Սուրբ Սիոն «վայելուչ» եկեղեցու բակում: Տապանաքարը պահպանվում է որտեղ ամենօրյա ուխտի են այցելում բազմաթիվ հավատավոր հայորդիներ: Մաշտոց Եղիվարդեցու մահվանից հետո վանահայր է նշանակվում իր երբեմնի աշակերտ Ստեփանոս վանականը (965-969թթ.), որն էլ Աշոտ Գ Ողորմածի օրոք ընտրվում է կաթողիկոս 970-ին և 2 տարի հետո վախճանվում:
Տեր Մեսրոպ քահանա Երիցյան
Գեղարքունյաց թեմի Սևանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ


