Արդեն հայտնի է մայիսի 5-ին կայանալիք Երևանի համայնքապետի ընտրություններին ՀՀԿ 195 հոգուց բաղկացած ցուցակը։ Նշենք, որ Երևանի ավագանու անդամների թիվը ընդամենը 65-ն են և հարց է, թե այդ 65 տեղերից քանիսը բաժին կհասնի ՀՀԿականներին։
ՀՀԿ ցուցակն այնքան բազմազան է, որ YerevanNews.am-ը մաս-մաս կներկայացնի այդ ցուցակի առանձնահատկությունները։ Ցուցակն, ինչպես բոլորին է հայտնի գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հետաքրքրական է, որ ցուցակի 44-րդ տեղն է զբաղեցնում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ Արթուր Պետրոսյանը, ով բացի Ալեքսանյանի բարեկամը լինելուց նաև «Լուս Աստղ Շուգր» ՍՊԸի փոխտնօրենն է:
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահրամ Կրակոսյանն էլ ՀՀԿ ցուցակի 88-րդ տեղն է զբաղեցնում: Նույն սուպերմարկետների ցանցի անվտանգության պատասխանատու Արշակ Ամիրյանն էլ ցուցակի 149-րդ տեղում է:
Ուշագրավ է, որ ՀՀԿ ցուցակի 165-րդ տեղն է զբաղեցնում «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ի վաճառքի բաժնի պետ Վաչագան Գրիգորյանը, ով նույնպես ՀՀԿ-ական է:
Հանրապետականների ցուցակի այս ներկայացուցիչները, դժվար թե դառնան ավագանու անդամներ, սակայն նրանց դերը չպետք է թերագնահատել այս ընտրություններում: Սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչները դեռ ՀՀԿ-ականների համար պետք է բազմաթիվ ծառայություններ մատուցեն: Իսկ Սամվել Ալեքսանյանը ևս մեկ անգամ պետք է ապացուցի իր հավատարմությունը ՀՀԿ-ին: